Դիահերձարանների մասին բարձրաձայնված խնդիրն այդպես էլ ոչ ոք չհերքեց, սակայն կարեւորն արդյունքն է: Այս մասին, այսօր` մարտի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նրա խոսքով՝ Գյումրիում երեք դիահերձարան կառուցելու աշխատանքեր են սկսվելու, տարբեր լաբորատորիաներ եւս պետք է կառուցվեն:

Մարգարյանն ասաց, որ Գյումրիում դիահերձարանը կառուցվել է 65 տարի առաջ եւ մինչ այժմ որեւէ աշխատանք չի կատարվել, չկա համապատասխան սառնարանային համակարգ, իսկ մեր երկրում մահացության տոկոսը բարձր է: «Օրինակ, Մարալիկի դիահերձարանն էլ փակվել է: Հասցեագրված դիմում էին գրել, որ օրերով դիակը չեն կարողանում տեղ հասցնել, քանի որ սպասարկման խնդիր կա: Սակայն խնդիրը միայն Գյումրիով չի սահմանփակվում: Բացի Երեւանից, Ապարանից եւ Գեղարքունիքի մարզից, բոլոր տեղերում դիահերձարանները խայտառակ վիճակում են: Առողջապահության նախարարն արդեն եւ գումար, եւ հանձնարական է տվել աշխատանքերն սկսելու համար»,- տեղկացրեց Հովհաննես Մարգարյանը՝ հավաստիացնելով, որ այս խնդրի բարձրաձայնումը Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապ չունի:

Ինչ վերաբերում է դիակիզմանը, ՕԵԿ-ական պատգամավորն ասաց, որ մեր մենթալիտետից ելնելով, 99 տոկոսը չի օգտվի դիակիզումից, սակայն գերեզմանատների խնդիրը եւս պահում են իրենց ուշադրության կենտրոնում: Նրա խոսքով՝  պետք է հստակ սահմանվի ռելիեֆը, սահմանը: «Ով ինչ տարածք ուզի համայնքապետարանը տրամադրում է: Գերեզմանատների հաշվին քաղաքի փողոցները սկսել են նեղանալ»,- ասաց Հովհաննես Մարգարյանը՝ հավելելով, որ մասնավոր գերեզմանատներ ամբողջ աշխարհում կան եւ այլընտրանքային տարբերակ է: