Մարտի 26-ին, ժամը 06.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով եւ ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 43-ամյա Արմեն Վ.-ն: Նրան ուղեկցող տղամարդու բացատրությամբ` Արմեն Վ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբի աստիճանահարթակից վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Վ.-ին նշված ակումբի աստիճանահարթակի մոտ մարմնական վնասվածքները հասցրել են 43-ամյա Զարզանդ Ն.-ն եւ 37-ամյա Դավիթ Բ.-ն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Զարզանդ Ն.-ին եւ Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

Մամուլի տեղեկությունների համաձայն, Զարզանդ Ն.-ն Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահն է: