Ես ինքս կորոշեմ, երբ կանցնենք հաջորդ հանգրվանին, որպեսզի արձանագրենք ժողովրդի աննախադեպ հաղթանակը: Այս մասին այսօր` մարտի 27-ին, Ազատության հրապարակում կայացած բացօթյա ասուլիսում հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ, մարտի 10-ից հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այն համալիր հանգուցալուծումը, որ ուղարկել է Սերժ Սարգսյանին, անբաժանելի է, դա նվազագույն շեմն է իրենց համար, բայց դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը չի կարող առաջարկներ անել: «Այնպես որ եթե պարոն Սարգսյանը ուզենա դեմ առ դեմ հանդիպել իմ ուղարկած փաստաթուղթը քննարկելու համար, ուրախ եմ դրա համար, բայց պետք է նկատի ունենալ, որ դա նվազագույն շեմն է: Դա չի նշանակում, որ ինքը չի կարող առաջարկել, այն ինչ ներկայացված է, անբաժանելի համալիր մոտեցում է համազգային մեր խնդիրը հանգուցալուծելու համար: Եթե որեւէ կետ հանվի, պետք է մեկ այլ համարժեք առաջարկով լրացվի:»,- նշեց նա:
Նա պատրաստակամություն հայտնեց հանդիպել Սերժ Սարգսյանին հրապարակում`օթյակում կամ ժողովրդի առաջ, կամ մոտակա սրճարանում, կողմ է նաեւ ուղիղ եթերում հանդիպման: Րաֆֆի Հովհաննիսյանը չի պատրաստվում լքել Ազատության հրապարակը մինչեւ հանգրվանի ավարտը, եթե պետք էր դուրս գար հրապարակից, ապա կգնար Հակոբ Հակոբյանի, Արամայի Սահակյանի թաղմանը, կգնա եկեղեցի, Ծաղկազարդ նշելու եւ այլն:
Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, որ ամեն ինչ լինելու է բաց, ժողովրդի առջեւ, իր խիղճը թույլ չի տալիս որեւէ գործարքի գնալ, կամ կլինեն նախագահական արտահերթ ընտրություններ, կամ գործող դե ֆակտո իշխանությունը կգնա իշխանության կիսման ժողովրդի հետ, դա նվազագույն շեմն է: Ինքն անձամբ տեղեկացրեց, որ պաշտոն չի ստանձնելու ոչ որպես անհատ, ոչ էլ կոալիցիոն կառավարության մեջ:
Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց իրեն սատարող քաղաքացիներին, շնորհակալություն հայտնեց սրտացավ խոսքերի համար, իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի` հացադուլը դադարեցնելու հորդորին, նա նշեց` ինքը կորոշի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























