Ես ինչ անում եմ, անում եմ որպես հանրային շահի սպասավոր, ինչ անում եմ՝ հրապարակային եմ անում, եւ իմ խիղճը, հրապարակային բնավորությունը թույլ չի տալու որեւէ գործարք: Այս մասին այսօր` մարտի 27-ին, Ազատության հրապարակում կայացած բացօթյա ասուլիսում հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ, մարտի 10-ից հացադուլ անող նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա կրկնեց իր պահանջը` կամ կլինեն նախագահական արտահերթ ընտրություններ, կամ իշխանությունները կգնան իշխանության կիսման՝ ժողովրդի հետ: «Այնտեղ ոչ մի գործարք չկա: Սյունիքը, Գեղարքունիքը, Արարատը, Արմավիրը, Արագածոտնը, Կոտայքը պետք է պատասխան տան»,- նշեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ սա պաշտոնների «բազար չէ», ապա հավաստիացրեց, որ իրենք ունեն թեկնածուներ այդ պաշտոններում նշանակելու համար: Թե ինչ է տեղի ունենալու ապրիլի 9-ին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ բառով ասաց` «նոր Հայաստանի երդմնակալություն»: Իր իսկ խոսքով` ապրիլի 9-ից հետո ինքն ու ժողովրդի գերակշիռ մասն այլեւս ընդդիմություն չեն լինելու:
Հարցին, թե իր կողմից հնչեցրած՝ «իմ դիակի վրայով» արտահայտությունն ուժի մե՞ջ է, նա այսպես պատասխանեց. «Ես իմ խոսքի տերն եմ, մնում է ձեզ հասկանալ իմ խոսքը»:
Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` իրեն այցելելուն, նախագահի նախկին թեկնածուն նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ իր տեսակետը հայտնել է ընտրությունների վերաբերյալ, իսկ իր` Ազատության հրապարակ այցելել-չայցելելն իր իրավասության ոլորտում է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























