Արարատյան դաշտում առկա են ստորերկրյա ջրերի 1.226 մլրդ խոր. մետր վերականգնվող պաշարներ, սակայն ՀՀ բնապահպանության նախարարությունը մոտ 1.5 մլրդ խոր. մետր ջրօգտագործման թույլտվություն է տվել: Այդ մասին այսօր` մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

Նրա խոսքով` չափից ավելի ջրօգտագործումը հանգեցրել է նրան, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրառին ռեսուրսները սկսել են նվազել: Այս պահին արտեզյան 638 հորերից 122-ը ցամաքել են: Զգալի իջել է նաեւ Այղր լճի մակարդակը, որը նույնպես սնվում է ստորերկրյա ջրերից: Ըստ Վլ. Մովսիսյանի` «բնապահպանության նախարարությունը անպատասխանատու վերաբերմունք է դրսեւորել»:

Վլ. Մովսիսյանի կարծիքով` Արարատյան դաշտավայրում սնկի պես աճած ձկնաբուծարանները պետք է անցնեն ջրօգտագործման կիսափակ ռեժիմին, ինչը նրանցից շատ ծախսեր չի պահանջի, սակայն 2-3 անգամ կնվազեցնի ստորերկրյա ջրի օգտագործումը ձկնաբուծարաններում: