Հայաստանի ԱԻՆ-ում մարտի 26-ին Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը հանդիպել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գ. Արզումանյանի եւ ՄԱԿ-ի փորձագետ Ռիչարդ Հուկի հետ:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից թունավոր նյութերի հանման, հավաքման, փաթեթավորման եւ վերացման ծրագրի համաֆինանսավորման ու տեխնիկական հարցերը:

Տեւական ժամանակ Երեւանի Նուբարաշեն թաղամասում գտնվող բլուրում թաղվել են ժամկետանց պեստիցիդներ եւ կայուն օրգանական աղտոտիչներ, այդ թվում` ԴԴՏ: Վերջին երկու տարիների ընթացքում, ԵԱՀԿ աջակցությամբ, մշակվել է արտակարգ իրավիճակի գործողությունների ծրագիր` կանխելու թունաքիմիկատների թափանցումը շրջակա միջավայր: Սակայն տեղանքն, այնուամենայնիվ, դեռեւս վտանգ է ներկայացնում, քանի որ գտնվում է սողանքային ակտիվ գոտում, բնակեցված է եւ մոտ գյուղատնտեսական տարածքներին: Նշված ծրագիրն արդեն հաստատվել է։ Դրա ֆինանսավորումը կսկսվի 2014 թ. սեպտեմբերին` Գլոբալ էկոլոգիական ֆոնդի (ԳԷՖ) կողմից:

Ներկայացնելով խնդրի հետ կապված մինչ այժմ իրականացված միջոցառումները` Ս. Ազարյանը մասնավորապես ասել է. «Մենք արդեն կառուցել ենք թունաքիմիկատների ոչնչացման գործարան, կատարել թունաքիմիկատների մոնիթորինգ, սակայն անելիքներ դեռ շատ կան: Խնդիրն այն է, որ թունաքիմիկատների գերեզմանոցը գտնվում է սողանքային գոտում, եւ մենք մոտ ժամանակներում պետք է իրականացնենք թունաքիմիկատների ոչնչացման ծրագիր` հնարավոր աղետներից խուսափելու համար»:

Շարունակելով թեման` Ռ. Հուկը նշել է. «Ուրախալի է, որ դուք մեծ ծավալի աշխատանք եք կատարել այս խնդրի լուծման համար: Հետագա բոլոր գործողությունները պետք է կատարվեն միջազգային չափանիշներին համապատասխան: Կարծում եմ` դա Հայաստանի համար խնդիր չէ: Ծրագիրն իրականացնելիս մենք փորձում ենք ապահովել առավելագույն անվտանգություն»:

ՄԱԿ-ի փորձագետը հայաստանյան իր գործընկերներին ներկայացրել է միջազգային փորձն ու խնդրի լուծման մի քանի տարբերակ, ինչից հետո քննարկվել են ծրագրի մանրամասներն ու տեխնիկական հարցերը:

Հանդիպման վերջում կողմերի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը` Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի չեզոքացման շուրջ: