Որքան էլ ձգձգվեն գործող նախագահ Սերժ Սարգսյանի եւ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի բանակցությունները, խոսքը մի պաշտոնի մասին է: Այս մասին այսօր՝ մարտի 27-ի մամուլի ասուլիսում նշել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Գործող նախագահը չի զիջի պաշտոնը, քանի որ բարոյական պարտականություններ ունի կողմնակիցների առաջ, ինչպես նաեւ պաշտոնական պարտականություններ այն պետությունների առաջ, որոնց ղեկավարության հետ արդեն պայմանավորվածություններ ունի», - ընդգծել է սոցիոլոգը:
Ըստ նրա՝ մայրաքաղաքային ընտրություններում կոալիցիա չի լինի, քանի որ նախորդ ընտրություններում դա տեղի չունեցավ:
«Դա առաջին հերթին թույլ չեն տա հայ քաղաքական ուժերի ամբիցիաները: Միասնական ճակատով հանդես գալը քաղաքական մեծ փորձ եւ գիտակցություն է պահանջում, նաեւ՝ զիջումներ քաղաքական գործիչների կողմից: Իսկ մեր երկրում ժողովրդավարությունը երիտասարդ է», - ասել է Ահարոն Ադիբեկյանը:
Նա նաեւ հավելել է, որ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակագրությունը մինչեւ երդմնակալությունը ժամանակ շահելու նպատակով է արվում: «Կարծում եմ՝ ապրիլի 9-ից հետո ոչ մի շփում չի լինի: Եվ երկրում ոչ մի քաղաքական ճգնաժամ էլ չկա, ինչպես որ պնդում են «Ժառանգության» ներկայացուցիչները», - ամփոփել է Ահարոն Ադիբեկյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























