Ոստիկանությունը պարզում է երեկ Նոր Նորք վարչական շրջանում հնչած կրակոցների հանգամանքները:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մարտի 26-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1968 թ. ծնված Սարգիս Ս.-ն՝ հայտնելով, որ հրազենային վնասվածքը ստացել է ոտքին, իսկ ատրճանակի բռնակով հարվածել են գլխին:
Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի թիվ 22 շենքի հետնամասում գտնվող խաղահրապարակում հայտնաբերվել է կրակված 1 պարկուճ, ինչպես եւ արյան հետքեր:
Սարգիս Ս.-ի մոտ ախտորոշվել է «ձախ սրունքի վերին երրորդի հրազենային վնասվածք, աջ ականջի սալջարդ վերք»:
Նույն օրը, ժամը 20.00-ին, բժշկի կողմից տրվել է տեղեկանք, որ Սարգիս Ս.-ն գտնվում է վիրահատարանում եւ ի վիճակի չէ հաղորդում տալու:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 26-ին Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ ծառայություն ահազանգ է ստացվել, որ 5-րդ զանգվածի՝ Երեւանի 159 ավագ դպրոցի խաղահրապարակի մոտ, կրակոց է հնչել, ինչ արդյունքում գլխի մասում ստացած հարվածի վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գալշոյան 28 շենքի բնակիչ 45-ամյա Սարգիս Սողոմոնյանը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնել էին, թե վիրավորին վիրահատում են:




























