Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ մարտի 27-ին, խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետարանի պատասխանատուներ:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին, համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը, գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, ոռոգման շրջանի մեկնարկին առնչվող հարցեր:
Փոխվարչապետին զեկուցել են մարզում հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի ընթացքի մասին: Նշվել է, որ աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի: Ըստ մարզպետարանի պատասխանատուների` ծրագրերի իրականացումը նպաստել է մարզում ցանքատարածությունների ավելացմանը. մասնավորապես 2012թ-ին, նախորդ տարվա համեմատ, աշնանացան ցորենի ցանքատարածություններն ավելացել են 1 000 հեկտարով, իսկ գարնանացանի տարածքները նախատեսվում է, որ նախորդ տարվա ծավալները կգերազանցեն 1 500 հեկտարով: Տեղեկացվել է, որ մարզի համայնքներում որոշակի խնդիրներ են առկա կարտոֆիլի բերքի իրացման հետ կապված եւ անդրադարձ է եղել բերքն իրացնելու հնարավորություններին: Քննարկվել են նաեւ մարզում անասնաբուծության, մասնավորապես, ոչխարաբուծության զարգացմանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցերին` փոխվարչապետը մարզպետարանի պատասխանատուներին առաջարկել է «Շիրակ» ՋՕԸ-ի հետ համատեղ ամփոփել 2012թ. աշխատանքների արդյունքները եւ աջակցել ՋՕԸ-ին ` անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացման հարցում:
Տեղեկություններ են ներկայացվել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի ընթացքի մասին: Զեկուցվել է, որ ներկայումս ծրագրով իրականացված ֆիզիկական աշխատանքների ծավալը կազմում է 63 տոկոս: Չորրորդ ծրագրով եւս մարզին հատկացվել էր 1,3 մլրդ դրամ, որոնք ուղղվել են մանկապարտեզների, մշակույթի տների, համայնքային ճանապարհների, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգմանը:
Ներկայացվել են նաեւ մարզի համայնքների 2013թ. առաջին երկու ամիսների սեփական եկամուտների կատարողականի ցուցանիշները: Կատարողականը կազմել է 86,6 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 3,8 տոկոսի աճ: Դրական համարելով տարեսկզբի միտումները` փոխվարչապետը կարեւորեց սեփական եկամուտների ողջ ծավալով հավաքագրումը եւ անթույլատրելի համարեց տարվա ընթացքում ապառքների ու պարտքերի կուտակումը, ինչն առաջին հերթին դժվարություններ է ստեղծում հենց համայնքների համար:
Խորհրդակցությանը մարզպետը բարձրացրել է Գյումրի քաղաքում նոր դիահերձարանի կառուցման հարցը` ծրագրի իրագործմանը նաեւ տեղական մասնակցության պատրաստակամություն հայտնելով: Փոխվարչապետն առաջարկել է նոր շենքի կառուցման նախագիծը քննարկել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հետ:
Փոխվարչապետն առանձին խորհրդակցություն է անցկացրել նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի եւ Գյումրիի քաղաքապետ Սսամվել Բալասանյանի հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Քաղաքապետը բարձրացրել է նաեւ Գյումրիում փողոցների բարեկարգման հարցը` նշելով, որ ձյան հալոցքից հետո վերանորոգման խիստ անհրաժեշտություն է առաջացել, իսկ համայնքային միջոցները բավարար չեն համապատասխան աշխատանքների իրականացման համար, ուստի քաղաքապետարանն այս հարցում ակնկալում է կառավարության աջակցությունը: Փոխվարչապետը խոստացել է, որ հարցը կքննարկվի կառավարությունում:
Անդրադարձ եղավ նաեւ «Գյումրին`ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի իրականացմանը: Փոխվարչապետը մարզպետին ու քաղաքապետին հորդորել է համագործակցված աշխատել ՀՀ մշակույթի նախարարության հետ եւ կարեւորել ծրագրով նախատեսված միջոցառումների պատշաճ մակարդակով իրականացումը:



























