Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին պատրաստ են մասնակցել հարցվածների 47%-ը: Այս մասին այսօր` մարտի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` ներկայացնելով դեկտեմբերին անցկացված սոցհարցումների տվյալները:

«Հայերի մեծ մասն ընտրում է անհատների եւ միայն մի ստվար հատվածն է գերադասում կուսակցությունները: Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն ունի հաղթելու բոլոր հնարավորությունները` շնորհիվ իր գրավչության»,- նշել է սոցիոլոգը:

Նրա խոսքով` Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը, ով ղեկավարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը, չի ընկալվում որպես քաղաքապետ: «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը եւս այդքան հայտնի չէ: ՀԱԿ կուսակցությունից Վահագն Խաչատրյանին այդքան լավ չեն հիշում, որպես այն ժամանակվա Երեւանի քաղաքապետ, «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը ղեկավարող Արմեն Երիցյանը, որպես նախարար կապված է հանրության հետ, սակայն նրան եւս չեն տեսնում Երեւանի քաղաքապետի պաշտոնում»,- հայտարարել է Ահարոն Ադիբեկյանը` ավելացնելով, որ ՀՅԴ կուսակցությունը ներկայացնող Արմեն Ռուստամյանը եւս հաջողության հասնելու հնարավորություններ չունի:

Հիշեցնենք, որ 2009 թվականի մայիսի 31-ին կայացած Երեւանի Ավագանու խորհրդի նախկին ընտրություններին մասնակցել էին ընտրողների մոտ 53%-ը: