Սերժ Սարգսյանի խոսնակի հայտարարությունը հերթական խեղաթյուրումն է: Այս մասին այսօր` մարտի 27-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած Քաղաքացիական ֆորումի ժամանակ հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ,մարդտի 10-ից հացադուլ անող նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հրաժարվեց մեկնաբանել Արմեն Արզումանյանի հայտարարությունը` նշելով, թե ինքը միայն Սերժ Սարգսյանի եւ Վեհափառի խոսքերն է մեկնաբանում: Այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եթե «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հարմար գտնի, մեկնաբանություն կտա:
«Խոսնակի հայտարարությունը հերթական խեղաթյուրումն է, ես ցավում եմ դրա համար: Բոլոր դեպքերում մեր մոտեցումը շատ հստակ է, երկրի փրկությանն ուղղված է եւ ոչ երբեք վերջնագիր: Թող ոչ մեկը իմ խոսքը չխեղաթյուրի իր մանր շահի համար: Մեր առաջարկը եւս մնում է ուժի մեջ»,-նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նշենք, որ Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանն արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մարտի 26-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակին: Արմեն Արզումանյանի հայտարարությունում, նշվում է հետեւյալը. «Նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես աչքի է ընկել մեծ համբերատարությամբ, եւ նա միշտ կառուցողական է իր քայլերում:
Նախագահի՝ ս. թ. մարտի 25-ի նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ, թեեւ հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը: Նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի եւ տեղի են ունենում նախագահական նստավայրում»:




























