Պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկությունների շարք է հայտնվել՝ իբր, հայերի կողմից ադրբեջանցի զինվորականների սպանությունների մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը:

«Շատ հավանական է, որ տվյալ դեպքում, մենք գործ ունենք Ադրբեջանի Զինված ուժերում տեղի ունեցած միջադեպը կոծկելու փորձի հետ: Պրակտիկան ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը հաճախ է մնան մեթոդների դիմում՝ հակառակորդի վրա գցելով սեփական զինված ուժերում «հաշիվներ պարզելու» արդյունքում տեղի ունեցած սպանությունները»,-ասաց փորձագետը՝ հավելելով, որ դա հին ու ծանոթ ձեռագիր է:

Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են Ադրբեջանի բանակում մեկ զոհի եւ երկու վիրավորի մասին: Հատկանշական է, որ զինծառայող Մեհման Սադիգովի մահվան վայրը չի հաղորդվում, իսկ 19-ամյա Ֆարիզ Աբդուլաեւը եւ մայոր Ջեյհուն Ասքերովն, իբր, վիրավոր են: