Երեւանի Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի կրտսեր որդին՝ 31-ամյա Անդրանիկ Զատիկյանը, ըստ դատաբժիշկների նշանակված փորձաքննության, մահացել է սրտի պսակաձեւ անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից` մեթադոնային եւ հաշիշային ինտոքսիկացիայի ֆոնի վրա:  Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին ոստիկանությունից:

Փորձաքննությամբ նաեւ պարզվել է, որ Ա. Զատիկյանը կենդանության օրոք տառապել է թույլ արտահայտված ընդհանուր աթերոսկլերոզով, կորոնարոսկլերոզով, սրտամկանի ծանր սնուցախանգարումով, ինչն էլ մեթադոնային եւ հաշիշային ինտոքսիկացիայի պայմաններում հանգեցրել են մահվան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Անդրանիկ Զատիկյանի քեռին՝ Մելս Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ փաստաթուղթ ունեն, որով հերքվում է շրջանառվող այն վարկածը, թե Անդրանիկի մահը վրա է հասել գերդոզավորումից: Անդրանիկի քեռին հիմնավորել էր, որ մահվանից մեկ ամիս առաջ Անդրանիկը մորը տարել է Գերմանիա բուժման եւ ինքը եւս մանրամասն հետազոտության է ենթարկվել: «Իսկ հետազոտության արդյունքները ինձ մոտ են, որոնք կարող են վկայել, որ նա թմրանյութ չի օգտագործել»,- ավելացրել էր Մելս Հարությունյանը:

Թեեւ այդ ժամանակ դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չէին ստացվել, բայց Մելս Հարությունյանը համոզմունք էր հայտնել, որ  Անդրանիկին թունավորել են: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բացառել էր նաեւ ինքնասպանության վարկածը: «Ինքնասպանություն չէր կարող լինել, քանի որ նա առողջ դատողություն ունեցող մարդ էր: Հետո ինքը գիտակցում էր, որ եղբոր ընտանիքը, երեխաները բոլորը իր հույսին են: Ամեն ինչ հնարավոր է, բայց իր մահով մահանալ եւ ինքնասպանության վարկածը հնարավոր չի»,- ասել էր Մելս Հարությունյանը: Իսկ հարցին, թե ի՞նչը կարող էր նրան մահվան հասցնել, Մելս Հարությունյանը ասել էր. «Նա իր շրջապատում թշնամիներ ուներ: Իր եղբորն սպանողների ցեղը: Նրանք իրար հետ չէին խոսում, բայց իրար մեջ միշտ վտանգ էին տեսնում: Ինչպես նրա հոր հանկարծամահությանը չեմ հավատում, այնպես էլ` Անդրանիկի: Անդրանիկ Զատիկյանը եղբոր` Սեդրակ Զատիկյանի սպանությունից հետո ընտանիքի վերջին զավակն էր: Այդ ընտանիքից մնացին մայրը` քույրս,  երկու եղբայրների կանայք եւ երեխաները»:

Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ  հունվարի 13-ին ժամը 7:00-ի սահմաններում հայտնաբերվել է 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին: Վերջինս  Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի տղան է: Անդրանիկ Զատիկյանը հաշվառված է Մեծարենցի 58 հասցեում, սակայն  բնակվում էր Նոյ թաղամասում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկանության Մալաթիայի քննչական  բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Նշենք, որ Անդրանիկ Զատիկյանի հայրն էլ` Վահան Զատիկյանը մահացել է 1999թ-ի հոկտեմբերի 7-ին: Պաշտոնական վարկածով վերջինս մահացել է սրտի կաթվածից: Իսկ Զատիկյանի ավագ որդին`Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում, անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով վարորդ, 31-ամյա Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը: