«Հրապարակը» գրում է. «Չնայած հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե ինքը չի ցանկանում գնել «Արմավիան», այնուհանդերձ, մեր հաստատ տեղեկություններով, նրա ու Միքայել Բաղդասարովի միջեւ այդ առնչությամբ հանդիպում տեղի է ունեցել` Բաղդասարովի նախաձեռնությամբ, սակայն համաձայնության չեն եկել:
Երեկ մենք փորձեցինք պարոն Բաղդասարովից ճշտել` ինչի՞ շուրջ են խոսել ինքն ու Ծառուկյանը: Պատասխանելով հեռախոսին՝ նա անչափ բարյացակամ ասաց. «Յա վաս սլուշայու», բայց երբ իմացավ, որ լրագրող է խոսում, շատ արագ, արդեն հայերենով ասաց՝ «ես ժամանակը չունեմ», ու անջատեց հեռախոսը:
Ժամանակ, իսկապես, գործարարը չունի, որովհետեւ ապրիլի 12-ին ավարտվում է «Արմավիայի» մենաշնորհը, դաշտն ազատականացվում է, ինչն էլ իր հերթին նոր հոգսեր կարող է բերել ոլորտը տեւական ժամանակ տնօրինած եւ մեծամեծ պարտքեր կուտակած գործարարի համար:
Ի դեպ, մեր հարցմանն ի պատասխան, ավիացիային մոտ կանգնած աղբյուրները ժխտեցին Ծառուկյան-Բաղդասարով պայմանավորվածության հնարավորությունը»:



























