Օրեր առաջ արեւմտյան լրատվամիջոցների կողմից «սպանված» հայտարարված Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախօրեի երեկոյան հայտնվել է հեռուստաէկրաններին:
Պետության ղեկավարի մասնակցությամբ երկար սյուժեները, որոնք ցուցադրվեցին սիրիական բոլոր կենտրոնական հեռուստաալիքներով, ապացուցեցին, որ հերթական կեղծիքն են ոչ միայն Սիրիայի նախագահի սպանության, այլեւ իրանցի «թիկնապահի» կրակոցի հետեւանքով ոտքի վնասվածք ստանալու մասին լուրերը:
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ նախագահ Բաշար Ասադը հանդիպել է երկրում ճգնաժամի կարգավորման ծրագրի իրագործման կառավարական հանձնաժողովի անդամների հետ, որոնք նախագահին տեղեկացրել են սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված իրենց գործունեության մասին:
Պետության ղեկավարը հրահանգել է աշխուժացնել ջանքերը եւ կենտրոնանալ չորս կետերի վրա՝ մոտ ժամանակում աշխատանքի հաջողությունը երաշխավորելու համար: Առաջին կետը կառավարական հանձնաժողովի անդամների փոխգործակցությունն է կենտրոնում եւ նահանգների դրա բաժանմունքներում: Երկրորդ կետը ազգային երկխոսությունը սկսելու հիմքերը դնելու համար քաղաքական բոլոր ուժերի եւ Սիրիայի ժողովրդի ներկայացուցիչների հետ համագործակցությունն է: Երրորդը Սիրիայի հանրության տարբեր շերտերի միջեւ երկխոսության գործընթացի կառավարման մեխանիզմների մշակումն է եւ դրա հաջողության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը պետության կողմից:
Չորրորդը հենց տեղերում հաշտության հասնելն է, կայունության վերականգնումը եւ մոլորյալներին ճիշտ ուղի վերադարձնելը:
Հանձնաժողովի անդամներն ընդգծել են նման հանդիպումների կարեւորությունը եւ հավելել, որ բոլոր ջանքերը կգործադրեն համապարփակ ազգային երկխոսության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու եւ երկրում ճգնաժամի կարգավորման ծրագիրը կյանքի կոչելու համար:




























