Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա 2-ն, այսօր՝ մարտի 28-ին, հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդիպումը փակ է եղել:

Մինչ հանդիպման սկիզբը կողմերը հրաժարվել են որեւէ մեկնաբանություններ անել:

Հավանաբար խոսքը վերաբերել է Թուրքիայում վրացական եկեղեցիների վերականգման եւ Բաթումիում մզկիթ կառուցելու մասին, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը մարտի 27-ից պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Այցի առաջին օրը նա հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջ` Մայա Փանջիկիձեի հետ, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի եւ խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Ծրագրված էր նաեւ հանդիպում նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ, սակայն նրա արձակուրդի գնալու պատճառով հանդիպումը չի կայացել:

Հանդիպումից հետո Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է: Թուրքիայի ԱԳ նախարարն էլ նշել է, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեն պատմական հարաբերություններ, որոնք կշարունակվեն նաեւ ապագայում:

«Մենք միասին ենք աշխատում Թուրքիայում վրացական եկեղեցիների եւ Վրաստանում թուրքական մզկիթների հարցի շուրջ»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: «Լինի դա մզկիթ, թե եկեղեցի` այն մեր մշակութային ժառանգությունն է: Մենք պատաստ ենք տարբեր համագործակցությունների` դրանք վերականգնելու համար: Հուսով եմ` Վրաստանն այս հարցին եւս այսպիսի մոտեցում ունի»,- նշել է Դավութօղլուն:

Թուրքիայի առաջին դիվանագետի խոսքով` Բաթումիում մզկիթի կառուցման հարցը դրական լուծում կստանա. դա Թբիլիսիի եւ Անկարայի միջեւ բարեկամության կամուրջն է:

Այսօր` մարտի 28-ին, Թուրքիայի եւ Վրաստանի ԱԳ նախարարներին միացել է նաեւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մեմեյարովը. նրանք Բաթումիում եռակողմ հանդիպում կունենան: