Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե իբր ՀՀ ոստիկանությունը «աննախադեպ շռայլ է գտնվել»՝ «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տարածք հատկացնելով:

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջեւ 2011 թվականի հունիսի 13-ին կնքվել է «ՀՀ ԿԱ Ո ՃՈ-ԱՊԾՁԲ-11/02» պայմանագիրը, եւ ըստ այդմ՝ կողմերը կատարում են օրենքով նախատեսված պարտավորությունները:

Բացի այդ՝ տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելն ամենեւին չի նշանակում սեփականության իրավունքով հատկացում, այլ ընդամենը տարածքը տրամադրվում է որոշակի ժամանակահատվածով օգտագործելու, այն է՝ վերը նշված պայմանագրով նախատեսված սարքավորումների (որոնք եւս տեղադրման պահից հանձվում են ոստիկանությանը եւ հանդիսանում են պետական սեփականություն) տեղադրման եւ շահագործման համար:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վարչական իրավախախտումների գործերով նշանակված տուգանքների գանձված գումարների 70 %-ը «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շահույթը չի հանդիսանում, այլ դրանով վճարվում է պայմանագրով նախատեսված ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման գինը: