«Ազատ դեմոկրատրներ» կուսակցությունը  Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցել մի քանի պատճառներով: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Նա նշեց, որ նախ մի պրոցեսից դեռ դուրս չեկած քաղաքական դաշտը մեկ այլ պրոցեսի մեջ է մտնում, եւ այս պահին կա քաղաքական ճգնաժամ. «Եթե մի քիչ ժամանակ լիներ երկու ընտրությունների արանքում, միգուցե եւ տրամաբանական լիներ մասնակցությունը»,- նշեց նա: Ալեքսանդր Արզումանյանը շեշտեց, որ իրենք շահագրգռված էին ազատական դաշտի միավորված հանդես գալու մեջ, երկար բանակցություններ վարեցին Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն»  կուսակցության հետ, սակայն որոշել են չմասնակցել ընտրություններին:

 Նա նշեց, որ տարօրինակ է , որ երկու ամիս առաջ նախագահական ընտրություններին չմասնակցած ուժերը  պատրաստակամություն են հայտնել մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: «Հաշվի առնելով, որ կա ավարտին չհասցված գործընթաց եւ այն ունի հստակ լիդեր, հնարավոր էր այդ համախմբումը անել:  Ես սա համարում եմ ընտրությունների երրորդ փուլ՝ խորհրդարանական եւ նախգահական ընտրություններից հետո»,- նշեց նա, հավելելով, որ «Ազատ դեմոկրատները» ցանկություն չեն ունեցել ընդգրկվելու «Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակում:

Ալեքսանդր Արզումանյանը ձեռնպահ մնաց ընտրություններին մասնակցող ուժերին եւ նրանց ցուցակներին գնահատական տալուց: Նա նշեց, որ ինչքան շատ ձայներ հավաքեն ընդդիմադիր ուժերը, այնքան լավ: