Դատապարտյալ 38-ամյա Արկադի Պապյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ կրում է իր պատիժը, գործարար 48-ամյա Արմեն Ստամբուլցյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ առանձնակի դաժանությամբ բռնություն գործադրելու սպառնալիքով 40 հազար ԱՄՆ դոլար է պահանջել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչությունում նախաքննություն է սկսվել: Ոստիկանության քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` շորթում:
NEWS.am-ի տեղեկություններով՝ Արկադի Պապյանը քրեական աշխարհում հայտնի է «Կադո» մականունով: Հարկ է նկատել, որ «Կադոն» Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ է կրում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով`սպանություն եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը:




























