Տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների փաթեթն այսօր՝ մարտի 28-ին, հաստատվել է ՀՀ կառավարության նիստում:

ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի ղեկավար Արմեն Եղիազարյանը ներկայացրեց փոփոխությունների 7 կետ:

Նախ, հստակեցվել է Երեւան քաղաքից դուրս լիցենզիաների տրամադրման կարգը. այն կիրականացվի 1 պատուհանի սկզբունքով՝ մարզպետարանում: Տաքսիստներն այլեւս ստիպված չեն լինի Երեւան գալ լիցենզիա ստանալու:

Երկրորդ՝ կմիավորվեն տաքսիների համար նախատեսված պետական տուրքն ու հաստատագրված վճարը: Կսահմանվի 1 արտոնագրային վճար, Երեւանում՝ ամսական 12 հազ. դրամ, հեռավոր շրջաններում՝ 4 հազ. դրամ: Ընդ որում՝ եռամսյակային միանգամյա վճարը կլինի 34 հազ. դրամ, իսկ տարեկան միանգամյա վճարը 120 հազ. դրամ:

Երրորդ՝ տաքսիստները հաշվետվություն չեն ներկայացնի՝ խնայելով ամսական առնվազն 3 հազ. դրամ, ինչը նրանք վճարում  էին միջնորդներին: Ըստ Ա. Եղիազարյանի՝ տաքսիստների բողոքի ակցիաները կազմակերպված էր համապատասխան ծառայություններ մատուցողների կողմից, որովհետեւ նրանք զգալի եկամուտներ են կորցնում:

Չորրորդ՝ 1 մեքենայի պետական տուրքը կսահմանվի 25 հազ. դրամ, ինչը կտարածվի նաեւ տաքսի ծառայությունների վրա:

Հիշեցնենք, որ ներկայումս տաքսի-ծառայության պետական տուրքը կազմում է 200 հազ. դրամ, անկախ տաքսիների քանակից: Սույն որոշումով շահում են այն տաքսի ծառայությունները, որոնք քիչ թվով մեքենաներ ունեն: Հինգերորդ՝ վարորդներին ներկայացվող պահանջներն են հստակեցվել՝ արտաքին տեսք, ուղեւորների հետ շփում:

Վեցերորդ՝ ոստիկանության առաջարկով հանվել է դեղին համարանիշը, ինչը թույլ է տալիս խնայել 17 հազ. դրամ: Դրանց փոխարեն անվճար կտրամադրվեն ինքնակպչող կտրոններ:

Յոթերորդ՝ հանվել է տրանսպորտային միջոցի կայանտեղ ունենալու պահանջը, ինչը թույլ կտա տաքսիստներին ամսական 10-15 հազ. դրամ խնայել, քանի որ հանվում է նաեւ ամենօրյա բուժզննման ու տեխզննման պահաջը: Ըստ Ա. Եղիազարյանի՝ աշխարհում ոչ մի տեղ նման պահանջ չկա, ու մեզ մոտ էլ տեխնիկապես անհնար է:

Այսպիսով՝ ըստ Ա. Եղիազարյանի, բիզնեսը կունենա մոտ 1,5 մլրդ դրամ խնայողություն՝ առանց պետության համար մեծ կորուստների: