Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգություն» կուսակցությունը պայքարը մղում են իրենց ընդդիմադիր հռչակած, բայց իրականում մեր շարժմանը դեմ փորձագետների, քաղաքագետների եւ լրատվամիջոցների առկայության պայմաններում: Այդ մասին այսօր՝ մարտի 28-ին, Ազատության հրապարակում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Բարեւ, Երեւան» ընդդիմադիր դաշինքի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում է:

Ըստ նրա՝ վայ-փորձագետները եւ լրատվամիջոցները հայտարարում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները ոչ այլ ինչ են, եթե ոչ առեւտուր: Նրանք չեն ցանկանում տեսնել Հովհաննիսյանի առաջարկի առաջին եւ վերջին կետերը՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները եւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, ընթացիկ տարում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Դա չտեսնելը կարճատեսություն է: Նրանց պարզապես ուղղորդում են»:

Միաժամանակ, Մարտիրոսյանի գնահատմամբ, իրենց անկախ հռչակած որոշ լրատվամիջոցներ իրականում փորձում են որակազրկել  ընդդիմադիր շարժումը:

 «Մենք չենք ձեւացնում, պաշտոնների պայքար չենք մղում, մենք համակարգային փոփոխություններ ենք պահանջում», - վստահեցրել է Մարտիրոսյանը

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am