Առանձնապես խոշոր չափերի խաբեբայության վերաբերյալ քրեական գործով որպես վկա անցնող Ռուսաստանի գյուղատնտեսության նախկին նախարար Ելենա Սկրիննիկի դեմ կարող են նոր մեղադրանքներ առաջադրել:
Այս անգամ խոսքը «Ռոսագրոլիզինգ»-ի կողմից հանքային պարարտանյութերի հորինված գնումների, վերամբարձների վերավաճառքի եւ ուռճացված գներով «Ման» բեռնատարների գնումների մասին է: Արդյունքում ընկերության ամբողջ վնասը կազմել է 650 մլն. ռուբլի: Ինչպես գրում է «Իզվեստիա»-ն, գործարքի բոլոր փաստաթղթերը ստորագրվել են Ելենա Սկրիննիկի կողմից: Ռուսաստանի Քննչական կոմիտեն արդեն «Խարդախություն», «Կեղծիք» եւ «Վատնում» հոդվածներով քրեական գործ է հարուցել:
Առաջին դրվագը վերաբերում է 2007 թվականի ապրիլին, երբ ընկերությունը 15,5 մլն ռուբլով գնել է վեց վերամբարձ կռունկ, իսկ հինգ ամիս անց դրանք վերավաճառել է ինքնարժեքով: 2008 թվականի փետրվարին «Ռոսագրոլիզինգ»-ն այդ վերամբարձ կռունկները գնել է յուրաքանչյուրն արդեն 3,7 մլն ռուբլի գումարով:
2007 թվականին «Ագրոքիմկուբան» մասնաճյուղային ֆիրման «Ռոսագրոլիզինգ»-ին տրամադրել է հանքային պարարտանյութեր: ՔԿ-ի տվյալներով` գործարքը կեղծ է եղել, իսկ պարարտանյութերը գոյություն են ունեցել միայն թղթի վրա: Հետագա ստուգումների ընթացքում պարզվել է, որ 2008 թվականին հոլդինգին ներկայացվել են 2002 թվականի բեռնատարներ` յուրաքանչյուրը 5,5 մլն ռուբլի արժեքով: Իրավապահ մարմիններում աղբյուրի խոսքով` նրանց գինը ուռճացվել է նվազագույնը երեք անգամ, գրում է «Ուտրո.ռու»-ն:
«Ռոսագրոլիզինգ»-ի գործի մասին հայտնի է դարձել ապրիլին, երբ ՆԳՆ աշխատակիցներն ընկերությունում հյատնաբերել են 500 մլն ռուբլու հափշտակում: Նոյեմբերի վերջին «Ռոսագրոլիզինգի» հափշտակումների վերաբրյալ գործի վկա է դարձել Ռուսաստանի գյուղատնտեսության նախկին նախարար ելենա Սկրիննիկը:




























