«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր առաջարկն է արել Սերժ Սարգսյանին, եւ դրանք փոփոխման ենթակա չէ: Այդ մասին Ազատության հրապարակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով զբաղեցնում է առաջին համարը «Բարեւ, Երեւան» ընդդիմադիր դաշինքի համամասնական ցուցակով:

«Ինչ վերաբերում է Հովհաննիսյան-Սարգսյան հանդիպման անցկացման վայրին, Հայաստանում ճգնաժամի լուծման համար չկա ավելի լավ վայր, քան Ազատության հրապարակը: Հենց Ազատության հրապարակում մենք կռել ենք մեր պետության անկախությունը»,- ասել է Մարտիրոսյանը: Միաժամանակ, նա նկատել է, թե դա վերջնագիր չէ: «Ազատության հրապարակը մեծ է, եւ այստեղ շատ տեղ կա հանդիպումներ անցկացնելու եւ երկրում ճգնաժամը քննարկելու համար»,- ասել է Մարտիրոսյանը:

Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարություն էր տարածել Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական նամակի կապակցությամբ:

«1. Նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես աչքի է ընկել մեծ համբերատարությամբ, եւ նա միշտ կառուցողական է իր քայլերում,

2. Նախագահի՝ ս. թ. մարտի 25-ի նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ՝ չնայած հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը,

3. Նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի եւ տեղի են ունենում նախագահական նստավայրում»,- նշել էր նա:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am