Արդշինինվեստբանկը ապրիլի 2-ից սկսում է տրամադրել վարկեր սոցիալական փաթեթի հաշվետերերին` սոցիալական փաթեթի գումարի մինչեւ վեցապատիկի չափով, տարեկան 12-ից 14 տոկոս դրույքաչափով՝ ելնելով հաճախորդի վարկային պատմությունից: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Արդշինինվեստբանկի մամուլի ծառայությունից, վարկերը անկանխիկ ձեւով տրամադրվելու են Արդշինինվեստբանկի բոլոր 55 մասնաճյուղերում եւ գլխամասային գրասենյակում` ՀՀ կառավարության կողմից հաստատված եւ Բանկի հետ համագործակցող ընկերություններից (ցանկը տեղակայված է Բանկի ինտերնետային կայքում) ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաեւ Բանկի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի մարման նպատակով:
Ըստ հաղորդագրության՝ վարկը հնարավորություն կընձեռի շահառուներին ցանկացած պահի կատարել սոցիալական փաթեթով նախատեսված ուղղություններով նպատակային ծախսեր` վարկի գումարն ուղղելով իրենց եւ իրենց ընտանիքի անդամների առողջության ապահովագրությանը, ուսման վարձի վճարմանը, հիփոթեքային վարկերի մարմանը եւ ՀՀ ու ԼՂՀ տարածքում հանգստի կազմակերպմանը:
Վարկի տրամադրման տեւողությունը մինչեւ 2 աշխատանքային օր է: Վարկ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր եւ համապատասխան ծառայության ձեռքբերման հիմք հանդիսացող փաստաթուղթ` պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր:
Սոցիալական փաթեթի շահառուները հավելյալ տեղեկատվություն կարող են ստանալ` այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ, Բանկի ինտերնետային կայք (www.ashib.am) կամ զանգահարելով` 060 27 04 04 հեռախոսահամարով:



























