Վերջին քաղաքական զարգացումները հաճախ փորձում ենք վերլուծել անհաջող որսկանի պես, երբ ոչ թե գազանին են որսում, այլ՝ նրա ստվերը: Այս մասին այսօր` մարտի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սարդարապատ» շարժման, «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը: Նրա խոսքով՝ այն ինչ կատարվում է այսօր, Սերժ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Պողոս -Պետրոս պայքարը չէ, այն ինչ կատարվում է Հայաստանում վերջին տարիներին, դա հետխորհրդային երկրներին բնորոշ զարգացումներ են:
«Եթե կարողանանք հասկանալ, թե որտեղ ենք գտնվում, նոր կհասկանանք, թե ինչ է մեզ սպասում»,-ասաց Խզմալյանը հավելելով, որ այսօր ոչ թե 2013-ի մարտն է, այլ 1917-ի փետրվար-մարտը: «16-17-րդ դարերում ցավալի, բայց անհրաժեշտ անցում տեղի ունեցավ ֆեոդալականից բուրժուականին, սակայն մեր բուրժուազիան թերացավ կառուցել ազգային պետականություն»,-ասաց նա, կարծիք հայտնելով, որ Հայաստանում այսօր փորձում են իրականացնել այն, ինչ տեղի ունեցավ 17-րդ դարում Ռուսաստանում՝ անցում կատարել բուրժուազիային:
«Այս շարժումը գլխավորող սփյուռքահայ գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակն անխուսափելի է, ինչպես անխուսափել է նաեւ ռազմաֆեոդալական ուժերի պարտությունը, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը»,-ասաց նա:
Խզմալյանը ստեղծված իրավիճակը նկարագրելու համար հետեւյալ համեմատությունն արեց. «Հույս ունեք, որ ես սուրճի բաժակին նայելով ասելու եմ, տղա է ծնվելու, թե՝ աղջիկ: Մենք գիտենք, որ երեխան ծնվելու է եւ կարեւոր չէ տղա է, թե՝ աղջիկ: Մենք գիտենք ամենակարեւորը, որ Հայաստանը փոխվել է եւ նախկինը չի լինելու»:
Նա տեղեկացրեց նաեւ, որ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել են իրենց ճանապարհային քարտեզը եւ սպասում են նրա պատասխանին: Տիգրան Խզմալյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող միայնակ փոփոխությունների հասնել: Ըստ նրա՝ դա կլինի «դոնկիխոտություն»: Խզմալյանը կարծում է, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողանա շարժումը հասցնել հաղթանակի, դա չի նշանակի, որ շարժումը կմարի, այլ առաջնորդի անունը կփոխվի: «Ես կարծում եմ, որ Րաֆֆին կգիտակցի եւ նրա քայլերը կլինեն ավելի համակարգված»,- ասաց Տիգրան Խզմալյանը՝ հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանությունը գրավելու հարցում ընտրել է Տրոյական ձիու տարբերակը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























