Ամերիկյան դոլարի փոխարժեքի աճը հայկական դրամի նկատմամբ կարող է կապված լինել Կիպրոսում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Այսօր՝ մարտի 28-ին, մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱԽ նախկին պատգամավոր, հայտնի տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով՝ դոլարի փոխարժեքի փոփոխությունների պատճառները միայն ներքին չեն եղել: «Ի վերջո, արտարժույթի նկատմամբ պահանջարկն զգացվում է միշտ, քանի որ արտաքին գործողությունների համար այն անփոխարինել է»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ դոլարի նկատմամբ պահանջարկի աճը պայմանավորված է նաեւ երկրից կապիտալի արտահոսքով:
«Կապիտալը ձգտում է այնտեղ, որտեղ նրա համար առավել նպաստավոր պայմաններ են: Եթե կապիտալն այստեղից դուրս է բերվում, նշանակում է այստեղ դրա համար պայմանները շահավետ չեն եւ մեր հասարակությունը պետք է դա հասկանա»,-ասաց Բոստանջյանը:
Հիշեցնենք, որ ներկայումս Կիպրոսի կառավարությունը քննարկում է բանկային ավանդները հարկելու հնարավորությունը՝ առեւտրային բանկերին աջակցելու համար միջոցներ հավաքելու նպատակով: Նախատեսված միջոցառումները բավական խիստ են՝ Bank of Cyprus բանկում 100 հազար եվրոյից բարձր ավանդներն առաջարկվում է հարկել 20 տոկոսով, մնացածը՝ 4 տոկոսով: Կիպրոսում ֆինանսական անկայության մասին տեղեկություններն ազդում են եվրոյի փոխարժեքի վրա, քանի որ այդ երկրի բանկային համակարգը սերտ ինտեգրված է միջազգային համակարգին:
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս Հայաստանում դոլարի փոխարժեքը 410-ից հասել է 420 դրամի:




























