Արդեն 3 շաբաթ է՝ Երեւան-Բեյրութ չվերթներ տեղի չեն ունենում: Այդ մասին այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:

«Բեյրութի ավիացիոն իշխանությունները ցանկանում են աուդիտ իրականացնել «Արմավիայում», մենք մեր համաձայնությունը տվել ենք, գուցե իրենց կառավարության փոոխություններն ազդել են, որ չեն գալիս աուդիտն անելու»,- ասաց Ա. Մովսիսյանը:

Ինչ վերաբերում է Երեւան-Քուվեյթ չվերթին, Ա. Մովսիսյանն ասաց, որ Քուվեյթի կողմից եղել է առաջարկ, հայկական կողմը շահագրգռված է դրանում, սակայն երթուղին եկամտաբեր չէ:

Այս առնչությամբ, Հայաստանում Քուվեյթի դեսպան Բեսսամ Մուհամմադ ալ-Քաբանդին NEWS.am-ին հայտնեց, որ իրականության չեն համապատասխանում տեղեկությունները, թե Քուվեյթի կողմից եղել է Երեւան-Քուվեյթ-Երեւան չվերթ իրականացնելու առաջարկ: