«Զվարթնոց» օդանավակայանի գները բարձր չեն, այդպիսի կարծիք ձեւավորվել է պարզապես թույլ մասնագիտական վերլուծությունների արդյունքում: Նման հայտարարությամբ այսօր՝ մարտի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում հանդես եկավ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:
Նրա մեկնաբանմամբ՝ գները գնահատելիս պետք է հաշվի առնել նաեւ լրացուցիչ ծառայությունները: «Oդանավակայանի կոնցեսիոները մեկ փաթեթով է ներկայացրել իր ծառայությունները: Բարձր որակ ապահովելու նպատակով որոշ ծառայություններ կարող են բարձր արժեք ունենալ: Բայց մեր օդանավակայանի գները շատ մրցունակ են՝ հաշվի չառնելով նույնիսկ վառելիքի ներկրման հետ կապված բարդությունները»,- ասաց Ա. Մովսիսյանը:
Ա. Մովսիսյանը որոշ բացատրություններ ներկայացրեց նաեւ օտարերկրյա ավիաընկերությունների կողմից դեպի Հայաստան թռիչքների դադարեցման հետ կապված:
Մասնավորապես՝ «Բրիտանական ավիաուղիներ» ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ Հայաստանի օդանավակայանի կամ որեւէ ավիացիոն ընկերության գործունեություն թռիչքների դադարեցման պատճառ չի հանդիսացել: «Պատճառն իրենց ներքին քաղաքականությունն է՝ առեւտրային նկատառումներով որոշակի ուղղություններ փոխում են, կամ՝ փակում: Իրանի չվերթը փակելը նպաստել է, որ հայկական ուղղությունն էլ փակվի»,- ասաց Ա. Մովսիսյանը:
«Լոտ լեհական ավիաուղիները» եւս երբեւէ չի բողոքել «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունների որակից կամ արժեքից: Իսկ լատվիական «Էյր Բալթիկ» ընկերության հետ կապված էլ Ա. Մովսիսյանն ասաց, որ դեռեւս լիարժեք չվերթները չսկսելով՝ դեպի Երեւան չվերթը փակվեց: «Պարտաճանաչ գործողություններ չի իրականացրել, միայն ամռանն էր թռիչքներ կատարում, կարծում եմ՝ անհետեւողականության արդյունք է»,- ասաց Ա. Մովսիսյանը:
Նրա մեկնաբանմամբ՝ 2009 թ. տնտեսական ճգնաժամի հիմնական տուժողներից մեկը ավիացիոն ոլորտն է, ուստի շատ ավիաընկերություններ ներկայում խնայողություններ են կատարում:




























