Նախկին ՕԵԿ-ական պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ, Երեւան» դաշինքի շտաբը ղեկավարող Գագիկ Բաղդասարյանն իր ձկնաբուծարանի կառավարումը հանձնել է այլ անձի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Գագիկ Բաղդասարյանը:
«Մինչեւ շտաբի ղեկավարումը ձկնաբուծարանի տնօրինությունը հանձնել եմ ուրիշի, որպեսզի ձեռքերս ազատ լինեն եւ կարողանամ հանգիստ իմ գործունեությամբ զբաղվել: Ես հիմա դրա հետ բացարձակապես կապ չունեմ, որպեսզի ավելորդ խնդիրներ չառաջանան: Իմ գործը եւ զբաղվածությունը այսօր լրիվ այլ է եւ այլ հարթության վրա»,- ասաց Գագիկ Բաղդասարյանը:
Նա ասաց, որ իր շրջապատում նորմալ են արձագանքել Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ, Երեւան» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու հանգամանքին: «Իմ շրջապատում իմ դիրքորոշումներին բոլորն են ծանոթ եւ ինչ խնդիր պետք է առաջանար»,- նշեց Բաղդասարյանը, հավելելով, որ ՕԵԿ-ում ում հետ հարաբերությունները պահպանում է, եւս շատ լավ են արձագանքել այդ հանգամանքին:
«Այն մարդկանց հետ, ում հետ ես շփվում եմ, նրանք այսօր էլ իմ հետ են եւ բառիս բուն իմաստով կիսում են իմ դիրքորոշումները եւ համաձայն են իմ որոշումների հետ»,- ընդգծեց Գագիկ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ ինքը նախագահական ընտրություններում էլ է սատարել Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց որպես անկուսակցական: Հարցին, հնարավո՞ր է անդամակցի «Ժառանգություն» կուսակցությանը, նա արձագանքեց. «Կապրենք կտեսնենք»:




























