Հայաստանի ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող 25-ամյա Արմեն Խառատյանին դատել են «Դեղձանիկ» ռեստորան-բարի պարուհուն պարի հրավիրելուց եւ մերժում ստանալուց հետո ծեծկռտուք սարքելու համար: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 25-ամյա Արմեն Խառատյանը հանդիսանալով ՊՆ N զորամասի ավտոտեխնիկայի վերանորոգման վաշտի արտագնա 2-րդ դասակի 2-րդ ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտ, Վանաձորի «Դեղձանիկ» կոչվող ռեստորան-բարում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, նշված բարի պարուհի Մարգո Մ.-ի կամքին հակառակ պարի հրավիրելու հարցի կապակցությամբ ծեծկռտուք է սարքել:
Պարուհին հրաժարվել է պարի հրավերից ու տեսնելով, որ Արմեն Բառատյանը շարունակում է իրեն պարի հրավիրել, դիմել է գիշերային ակումբում իր ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Վանաձորի պահպանության բաժնի ոստիկան, սերժանտ Մկրտիչ Նահապետյանին: Վեճի ընթացքում Արմեն Խառատյանը սերժանտ Մ. Նահապետյանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, քաշքշել է նրա համազգեստից եւ ձեռքի բաց ափով մեկ անգամ հարվածել նրա դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Նկատելով այդ ամենը, վիճաբանությանն անմիջապես միջամտել են շարքային Ա. Բադեյանը եւ սրահում գտնվող այլ անձինք, ովքեր դադարեցրել են քաշքշուկը: Քննելով գործը դատարանը վճռել է Արմեն Խառատյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը եւ դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով:


























