«Ամերիա» ՓԲ ընկերությունն իր հերթական հետազոտությունն է ներկայացրել, որը նվիրված է սննդամթերքի` ներառյալ խմիչքի ու ծխախոտի, արտադրության ոլորտին:
Դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերից Ամերիան նախաձեռնել է տնտեսության տարբեր ճյուղերի համապարփակ հետազոտություններ, որոնք մեծ արձագանք գտան շահագրգիռ կողմերի, տարբեր վերլուծաբաններիեւ ոլորտի մասնագետների շրջանում: Առաջին հետազոտությունը ներառում էր մանրածախ առեւտրի հատվածը Երեւանում, մասնավորապես, արագ սպառման ապրանքների շուկան, երկրորդ հետազոտությունը վերաբերում էր զբոսաշրջության ու հյուրանոցային ոլորտին:
Սննդամթերքի արտադրության վերաբերյալ հետազոտությունը տալիս է Հայաստանի մակրոտնտեսական առկա իրավիճակի բնութագիրը, ներկայացնում է Հայաստանում սննդամթերքի արտադրության ծավալները, արտաքին առեւտուրը, կատարում համեմատականներ այլ երկրների հետ: Հետազոտությունը ներկայացնում է նաեւ շուկայի հիմնական դերակատարներին, ոլորտի ենթաճյուղերի սպառման ծավալները ներքին շուկայում, ինչպես նաեւ ոլորտում առկա խոչընդոտներն ու ռիսկերը: Հետազոտության շրջանակներում Ամերիան նախաձեռնել է սննդամթերքի եւ խմիչքների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների ընտրանքային հարցումներ, որոնց արդյունքները ներառում եննաեւ ոլորտի կազմակերպությունների շփումները, բանկային համակարգին տրված գնահատականները: Առանձին ընտրանքային հարցումներ են կատարվել նաեւ փոքր խանութների շրջանում:
Հատկանշական է, որ հետազոտության մեջ ներկայացվել են նաեւ ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերը: Հետազոտության արդյունքում Ամերիայի փորձագետները նախանշել են նաեւ սննդամթերքի արտադրության` ներառյալ խմիչք եւ ծխախոտ, ոլորտի զարգացման հետագա միտումները:
Սննդամթերքի, խմիչքի եւ ծխախոտի արտադրությունն ըստ մարզերի ուսումնասիրելիս պարզվում է, որ արտադրանքի 49%-ը բաժին է ընկնում Երեւանին, 13 %-ը` Արարատի մարզին, 13%-ը` Կոտայքի մարզին, 8%-ը` Շիրակի մարզին, 4%-ը` Լոռիի մարզին, 3-ական տոկոս` Արագածոտնի եւ Արմավիրի մարզերին, 2-ական տոկոս` Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերին եւ 1%` Տավուշի մարզին:
Հայաստանում սննդամթերքի արտադրությունն ունի իր ուրույն տեղն ու դերը վերամշակող արդյունաբերության մեջ: 2012թ.-ի տվյալներով սննդամթերքի արտադրությունը կազմել է վերամշակող արդյունաբերության 36%-ը, խմիչքների արտադրությունը`14%-ը, իսկ ծխախոտի արտադրությունը` 4%-ը:
Արտաքին առեւտրի կառուցվածքն ուսումնասիրելիս բացահայտվում են շատ ուշագրավ փաստեր:Այսպես` Վրաստանիտեսակարար կշիռը ճյուղի ընդհանուր արտահանման մեջ չնայած կազմում է ընդամենը 7.5%, այնուամենայնիվ այն ամենադիվերսիֆիկացվածն է արտադրատեսակների տեսանկյունից եւ ամենաշատ ապրանքախմբերով է համարվում հիմնական գործընկեր երկիր: Մասնավորապես, միսն ու մսամթերքը, սննդարդյունաբերության մնացորդներն ու պատրաստի անասնակերն արտահանվում են միայն Վրաստան, արտադրված շաքարի եւ շաքարից հրուշակեղենի արտահանման 99%-ըարտահանվում է Վրաստան, իսկ մեկ տոկոսը` ԱՄՆ, ցորենից, ալյուրից, օսլայից եւ կաթից պատրաստված ապրանքների արտահանման 79%-ը դարձյալ բաժին է ընկնում Վրաստանին: Այս շարքը երկար է եւ ընդգրկում է տարատեսակ ապրանքներ: Նման ակտիվ համագործակցության հիմնական պատճառներն են գրեթե միակ սահմանակից երկիր լինելը, որը ենթադրում է համեմատաբար փոքր ճանապարհածախս, ժամանակի խնայողություն, բացի այդ, արտահանման մի մասն էլ վերաարտահանվում է, իսկ որոշ ենթաճյուղերում առկա է նաեւ հայկական արտադրանքի մրցունակությունը:
Սննդամթերքի արտադրանքի մասով ամբողջ արտահանման մեջ Ռուսաստանի գծով գերակշռում է ոգելից խմիչքների, մասնավորապես` կոնյակ, գինի, մեծ տեսակարար կշիռը: Հայաստանից ոգելից, ոչ ոգելից ըմպելիքների եւ քացախի արտահանման 73%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին:
Ամերիայի փորձագետների կանխատեսմամբ՝ սննդամթերքի արտադրության ծավալները 2012թ. համեմատությամբ 2015թ. կաճեն 19 %-ով, նույն ժամանակահատվածում խմիչքների արտադրությունը կաճի 46%-ով, իսկ ծխախոտի արտադրությունը`27%-ով:
Սննդամթերքի արտադրության` ներառյալ խմիչք, ծխախոտ, հետազոտությունը բացահայտում է բազմաթիվ հետաքրքիր թվեր ու փաստեր, ներկայացնում է ոլորտի տարբեր ենթաճյուղերի մասով հիմնավորված կանխատեսումներ, որոնք մեծ արժեք են ներկայացնում այդ ոլորտով հետաքրքրված կազմակերպությունների ու անհատների համար:




























