Վոլոգդայի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները պարզել են Չերեպովեցից 24 կմ հեռավորության վրա տեղի ունեցած խոշոր վթարի բոլոր հանգամանքները: Հիշեցնենք, Սանկտ Պետերբուրգի մանկատան սաներին տեղափոխող ավտոբուսը բախվել էր բեռնատարին: Վթարի զոհ էր դարձել վեց մարդ, իսկ 18-ը վիրավորվել էին:
Զոհվել են երկու վարորդները, որոնցից մեկը 53-ամյ Ալբերտ Ֆիրյանն է: Զոհվել են նաեւ ինտերնատի չորս աշխատակիցներ եւ բեռնատարի մեկ ուղեւոր: Տուժած երեխաների թվում են Ռուսլան (1998) եւ Զարինե (1995) Գրիգորյանները, որոնք, ամենայն հավանականությամբ, եղբայր եւ քույր են:
Ըստ մարզի ոստիկանության ներկայացուցիչների՝ ողբերգության մեղավորը ՎԱԶ-2115 մեքենայի վարորդն է եղել, որը, վազանցելով բեռնատարին, պատահաբար բախվել է դրան: Կորցնելով ղեկավարումը՝ բեռնատարը հայտնվել է հանդիպակաց գոտում եւ բախվել որբուկներին տեղափոխող ավտոբուսին: Երեխաները Սանկտ Պետերբուրգ էին վերադառնում Վոլոգդա կատարած էքսկուրսիայից: Բախվելուց հետո ավտոբուսը բռնկվել է:
Վիրավոր երեխաները ինքնուրույն կարողացել են դուրս գալ ավտոբուսից: նրանց ոչ ոք չի օգնել: Համարյա բոլոր մեծերը զոհվել են, քանի որ նստած են եղել մեքենայի առջեւի նստատեղերին, գրում է Life News-ը:




























