Մարտի 28-ի առավոտյան ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կնոջ հետ մեկնել է Հոլանդիա` վիրահատության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու, նրա ընկեր Կարո Եղնուկյանը:

Նա նշեց, որ Հայրիկյանի վիճակը նույնն էր, ցավերը չէր դադարում, բարելավում չկար: Թե ինչ վիրահատություն է արվելու եւ երբ, մանրամասները հայտնի չեն: Հայրիկյանը դեռեւս հիվանդանոցում պետք է հետազոտվի, բժիշկները որոշեն, թե երբ եւ ինչն են վիրահատում, իսկ հետագա ապաքինման ընթացքից էլ կախված է նրա վերադարձը Հայաստան: «Թե ինչը պետք է վիրահատեն, կորոշեն հետազոտությունից հետո»,- նշեց Կարո Եղնուկյանը:

Նա տեղյակ է, որ Հայրիկյանի արտերկրում վիրահատության կազմակերպչական եւ ծախսային հարցերը հոգալու է Առողջապահության նախարարությունը: Կարո Եղնուկյանը նշեց, որ գումարային հարց չի քննարկվել, թե ինչքան գումար անհրաժեշտ կլինի, պարզ կլինի միայն հետազոտությունից հետո: «Առողջապահության նախարարության կողմից եղել է այդ ամբողջի հովանավորությունը եւ կազմակերպումը, որ հիմա ինքը մեկնում է Հոլանդիա,իր կամքով չի գնում, նախարարության կազմակերպմամբ եւ հովանավորությամբ»,- ասաց նա:

Անդրադառնալով քննադատություններին, թե այդքան գումար Հայրիկյանին հատկացնելու փոխարեն Կառավարությունը կարող էր այդ գումարը հատկացնել ասենք սահմանային գյուղերին, Կարո Եղնուկյանը նշեց, որ Հայրիկյանին գումար չի տրվել: «Դա Հայրիկյանին չեն տալիս, եթե գումար են տալու, տալու են հիվանդանոցին, բայց ինչքան են տալու, պարզ չի: Սկսում են բամբասել, խոսել, ուրեմն այդ մարդու կյանքը չարժի՞, չեմ հասկանում, ինչ համեմատություն մասին է խոսքը, դա ինձ զայրացնում է: Թեկնածուի վրա մահափորձ կատարեն եւ հիմա այդ մահափորձի հետեւանքները չփորձել բուժե՞լ: Եթե այդպիսի հարց կա, թող, օրինակ, Ծառուկյանը վճարի սահմանային գոտու համար, ինչի՞ պետք է դա Հայրիկյանի առողջության հաշվին լինի: Դա ապուշություն եմ  համարում. բերել համեմատել մարդու առողջությունը սահմանային գոտու հետ: Ի՞նչ կապ ունի սահմանային գոտին Հայրիկյանի առողջության հետ, որը իր ձեռքով չի եղել, այլ մահափորձ անողի կողմից»,- նշեց Կարո Եղնուկյանը` շեշտելով, որ Հայրիկյանը պետական գործիչ էր, իսկ մահափորձը եղել է նրա թեկնածու եղած ժամանակ, հետեւաբար նման համեմատությունը սխալ է:

Նա նշեց, որ եթե պետությունը միջոցներ չհատկացներ, ինքը միջոցներ չուներ մեկնելու արտերկիր վիրահատության: «Հայրիկյանը այն գործիչներից չէր, որ երբեւիցե շահագործեր իր ունեցած դիրքը»,- նշեց Կարո Եղնուկյանը:

Նշենք, որ Հայաստանի կառավարությունն մարտի 28-ին, 20.5 մլն դրամ հատկացրեց առողջապահության նախարարությանը՝ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժման ծախսերը արտասահմանում փոխհատուցելու նպատակով: Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից; 2013թ.  նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձ էր կատարվել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Պ.Հայրիկյանի բուժումը կազմակերպվել էր Երեւանի մասնագիտացված բուժհաստատություններում, սակայն առողջության լիարժեք վերականգման համար նպատակահարմար է շարունակել բուժումը արտերկրում: Նախնական հաշվարկներով՝ բուժումը արտերկրում հնարավոր է կազմակերպել մոտ 20,500.0 հազ. դրամով (մոտ 50 հազ. դոլար):

Կառավարության այս որոշումից հետո, սոցիալական ցանցերում, մասնավորապես` «Ֆեյսբուքում» մեծ քննարկումներ եւ քննադատություններ եղան, մասնավորապես` կարելի էր բազմաթիվ գրառումներ եւ մեկնաբանություններ գտնել այն մասին, որ ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացիների պետբյուջե վճարած հարկերից այդքան գումար հատկացվի նրա վիրահատությանը, եւ եթե նա 8 մլն դրամ ընտրագրավ է ունեցել, ունի թիմ, կուսակիցներ, կարելի էր նրանց միջոցով վիրահատության գումարը հավաքել: Քննարկումներում նշվում էր, որ տասնյակ երեխաներ կան, որոնք արտերկրում վիրահատության կարիք ունեն, ինչու կառավարությունը նրանց համար գումար չի վճարում, կամ թող գոնե հոգար սահմանային գյուղերում առկա մի շարք խնդիրներ: «Կառավարությունը լավ կաներ փող փոխանցեր Տավուշի մարզի այն մարդուն ով իր այգում վիրավորվեց ադրբեջանցու գնդակից, ով պետք է գնա վիրահատության ու ոչ մեկ չի օգնում նրան: Մարդ ով ապրում է կրակների տակ ու չի մտածում անգամ գյուղը լքելու մասին, մարդ ում տղային աղջիկ չեն տալիս ասելով մենք կրակի բերան աղջիկ չունենք տալու, մարդ ում թոռը չի վախենում թուրքի գնդակից ասելով վանքը մեզի պահումա, եւ վերջապես մարդ, որն, ամենակարեւորն է, ում շնորհիվ մենք խաղաղ ենք ապրում»,- գրել էր «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկը:

Ի դեպ, ԿԸՀ ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրի համաձայն` ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է մեկ հողամաս Կոտայքի մարզում, մեկական կիսակառույց շինություն եւ հողամաս Երեւանում եւ Կոտայքի մարզում, շինություն եւ հողամաս Գեղարքունիքի մարզում: Նա առաջին երեքի միակ սեփականատերն է, իսկ վերջինը համատեղ սեփականություն է: Պ.Հայրիկյանը նաեւ հայտարարագրել է 2003թ.-ի արտադրության «Ջիպ Լարեդո» մակնիշի ավտոմեքենա:

Թեկնածուի եկամուտները գոյացել են ԱՄՆ-ի երեք տարբեր բանկերից ստացած ընդհանուր առմամբ 50 հազար ԱՄՆ դոլարի փոխառությունից, նաեւ 360 հազար դրամ կենսաթոշակից:

Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ 20 հազար 198,32 ԱՄՆ դոլար եւ 120 հազար դրամ են: Պ.Հայրիկյանը հայտարարագրել է նաեւ MGM ընկերության 300 բաժնետոմս: