Երեւանի ավագանու  ընտրություններում  ՀՀԿ-ն կմասնակցի  «Ավելի լավ Երեւան» կարգախոսով: Այս մասին, այսօր` մարտի 28-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ քննարկել եւ հաստատել են նաեւ ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը:

«Մենք կարծում ենք, որ Երեւանն ամեն օր պետք է լինի ավելի լավը, քան՝ այսօր: Ավելին` դրա համար արդեն քայլեր կատարվել են: Հաջողության դեպքում, երեւանցիների վստահության դեպքում եւ նրանք քվեն ստանալուց հետո պատրաստ ենք ամեն օր աշխատել Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, որպեսզի մեր քաղաքամայր Երեւանը լինի ավելի լավը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի նամակագրությանը, ՀՀԿ մամուլի քարտուղարն ասաց, որ նախագահի մամուլի խոսնակը սպառիչ պատասխան տվել է այդ հարցին: «Մենք մնում ենք առարկայական երկխոսության կողմնակից, բայց ոչ երբեք մանկական կապրիզության երազանքներ իրականացնող: Վերջնագրերը չեն կարող բավարարվել: Մենք պատրաստ ենք լսելու, բայց մենք, ինչպես ցանկացած բանական ուժ, պատրաստ չենք առաջնորդվել վերջնագրերով կամ քաղաքական կամակորությունների ճանապարհով »,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով «Սիվալիթաս» հիմնադրամի գործով ԱՄՆ-ի եւ Գերմանիայի դեսպանների հայտարարություններին, Շարմազանովը նշեց, որ չի կարծում, որ որեւէ հարգարժան դեսպան պարտավոր է իմանալ ցանկացած քրեական գործի մանրամասները: