Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարտի 28-ին տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարզպետներին   տեղեկություններ է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» ծրագրի մասին: Նախարարը նշել է, որ ակնկալում է  Արարատի, Արմավիրի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզպետների աջակցությունը`  հյուրընկալ ընտանիքների ընտրության հարցում: Ծրագրով հայրենիք այցելող երեխաները կարող են հյուրընկալվել ինչպես Երեւանում, այնպես էլ մայրաքաղաքին մոտ  վերոնշյալ մարզերում:

Փոխվարչապետը մարզպետներին առաջարկել է անհրաժեշտ տեղեկատվությունը ժամանակին ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարություն եւ աջակցություն ցուցաբերել ծրագրի իրականացման հարցում:

Խորհրդակցության օրակարգի մյուս հարցը վերաբերում էր գյուղատնտեսական խնդիրներին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների  ընթացքը: Նշվել է, որ պարարտանյութի եւ դիզելային վառելիքի բաշխման գործընթացը շարունակվում է. բաշխումը հիմնականում կատարված է ցածրադիր գոտիներում, առաջիկա օրերին էլ պարարտանյութ եւ դիզվառելիք կստանան բարձրադիր գոտիների հողօգտագործողները:

Առաջիկա օրերին կմեկնարկի նաեւ գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի սերմացուի բաշխումը: Ս. Կարապետյանը մարզպետներին առաջարկել է նաեւ հստակեցնել մարզերում առկա պահանջարկը եւ  վերջնական տվյալները ներկայացնել նախարարություն:

Փոխվարչապետը կարեւորել է ինչպես սերմացուի, այնպես էլ պարարտանյութի եւ դիզվառելիքի բաշխման գործընթացի արագացումը, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ կապված հողօգտագործողները դժվարություններ չունենան: Նա մարզպետներին հորդորել է սերտ համագործակցել  ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ` ծրագրերի ժամանակին իրականացումն ապահովելու համար:

Խորհրդակցությանը քննարկվել է նաեւ հանրապետության համայնքներում տեղեկատվայնացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ ներկայումս Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ)  ներդրված է 352 համայնքում, էլեկտրոնային փաստաթղթաշարժի «Mulberry» համակարգից օգտվելու հնարավորություն ունի 129 համայնք:

Կարեւորելով էլեկտրոնային համակարգերի ներդրումն ու օգտագործումը  համայնքներում  աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից` փոխվարչապետը մարզպետներին եւ ՏԿ նախարարության պատասխանատուներին հանձնարարել է համատեղ աշխատանքներ իրականացնել` համակարգերի ներդրման գործընթացն  ակտիվացնելու ուղղությամբ:  Բարձրացվել է մարզերում ինտերնետ կապի որակի հարցը, ինչի վրա կհրավիրվի նաեւ օպերատոր ընկերությունների ուշադրությունը: 

Խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաեւ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2013թ. առաջին երկու ամիսների ցուցանիշներին: Դրական համարելով տարեսկզբի միտումները ` փոխվարչապետը կարեւորել է այդ ուղղությամբ տարվա ընթացքում մշտական հետեւողական աշխատանքի իրականացումը եւ մարզպետներին  առաջարկեց հարցն ուշադրության կենտրոնում պահել: