ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը գրառում է կատարել «Ֆեյսբուքում» եւ անդրադարձել իր հասեցին հնչեցվող քննադատություններին: Նա, մասնավորապես, գրել է.
«Սիրելի բարեկամներս, երեկ երախտագիտություն հայտնելով հրաժեշտ տվեցի Կարմիր Խաչի բուժաշխատողներին եւ այսօր վաղ առավոտյան ճանապարհվեցի Եվրոպա։ Վախենում էի երկար ճանապարհի դժվարություններից, բայց հաղթահարվեց։ Օգնեց այն, որ կանգառ կար Կիեւում։ Կեսօր չեղած արդեն Ամստերդամում էի։ Մերոնք դիմավորեցին եւ արդեն հասցրինք առաջին նախնական այցն անել բժշկին։ Առաջին խոսքն այն էր, որ այդպիսի կրակոցից հետո հրաշք է ողջ լինելս։ Իմացա, որ որոշ խղճուկներ խիստ հուզվել են իմանալով, որ իմ առողջանալու գործին նաեւ մեր առողջապահական համակարգն է մասնակցելու։
Ուշադրություն մի դարձրեք. անորակություններ եղել են ու կմնան։ Երբ երկու ամիս տառապագին ցավերի մեջ էի, դրանք չկային, ինչպես եւ չկային դրանց ծնողները, երբ իմ ծնողները երկու տասնամյակ իմ վերադարձին էին սպասում։ Հիմա երբ լսել են, որ պետությունն իմ հանդեպ էլ է անում այն, ինչ պարտավոր է անել ցանկացած պետություն, կատաղել են։ Իրենք իրենց թույնով ու նախանձով էլ թող տապակվեն...
Հոլանդիայում եմ, բայց ամեն ինչ կախված է ապաքինման ու վերականգման ընթացքից...: Ամենայն բարիք բոլորիս...»:
Նշենք, որ Հայաստանի կառավարությունն մարտի 28-ին, 20.5 մլն դրամ հատկացրեց առողջապահության նախարարությանը՝ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժման ծախսերը արտասահմանում փոխհատուցելու նպատակով: Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից; 2013թ. նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձ էր կատարվել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Պ.Հայրիկյանի բուժումը կազմակերպվել էր Երեւանի մասնագիտացված բուժհաստատություններում, սակայն առողջության լիարժեք վերականգման համար նպատակահարմար է շարունակել բուժումը արտերկրում: Նախնական հաշվարկներով՝ բուժումը արտերկրում հնարավոր է կազմակերպել մոտ 20,500.0 հազ. դրամով (մոտ 50 հազ. դոլար):
Կառավարության այս որոշումից հետո, սոցիալական ցանցերում, մասնավորապես` «Ֆեյսբուքում» մեծ քննարկումներ եւ քննադատություններ եղան, մասնավորապես` կարելի էր բազմաթիվ գրառումներ եւ մեկնաբանություններ գտնել այն մասին, որ ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացիների պետբյուջե վճարած հարկերից այդքան գումար հատկացվի նրա վիրահատությանը, եւ եթե նա 8 մլն դրամ ընտրագրավ է ունեցել, ունի թիմ, կուսակիցներ, կարելի էր նրանց միջոցով վիրահատության գումարը հավաքել: Քննարկումներում նշվում էր, որ տասնյակ երեխաներ կան, որոնք արտերկրում վիրահատության կարիք ունեն, ինչու կառավարությունը նրանց համար գումար չի վճարում, կամ թող գոնե հոգար սահմանային գյուղերում առկա մի շարք խնդիրներ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























