Մարտի 27-ին, ժամը 22.40-ին, Մեծամորի բաժնի  ծառայողները, խարդախություն կատարելու կասկածանքով, Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Գեւորգ Ղ.-ին:

Պարզվել է, որ նա փետրվարի սկզբներին, չարաշահելով մի կնոջ վստահությունը, խաբեությամբ վերցրել է նրա «Նոութբուք» համակարգիչը՝ հաջորդ օրը վերադարձնելու պայմանով, սակայն այն վաճառել է անհայտ անձի:

Պարզվել է նաեւ, որ Գեւորգ Ղ.-ն մարտի 15-ին չարաշահելով 20-ամյա մի աղջկա վստահությունը, Երեւան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող համակարգիչների խանութից նրա  անվամբ վերցրել է 260.000 դրամ արժողության «Նոութբուք» համակարգիչ եւ իրացրել, իսկ մարտի 19-ին, կրկին չարաշահելով նույն աղջկա վստահությունը, խաբեությամբ տիրացել է նրան պատկանող մոտ 30 գ ոսկյա զարդերին:

Նյութական վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Արմավիրի մարզի քննչական բաժին: