Հայաստանը երբեք այդքան զավեշտալի իրավիճակում չի եղել հետընտրական գործընթացներից հետո եւ ընդդիմադիր թեկնածուն նման պահվածք չի որդեգրել, ինչքան՝ այսօր: Այս մասին այսօր` մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը՝ այդ առթիվ իր ցավակցությունները հայտնելով ժողովրդին:

Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նամակագրությունը եւս զավեշտալի է: Ես չեմ հասկանում՝ ո՞ւմ խորհրդով են նամակագրությունը գաղտնի պահում: Նույնիսկ Պարույր Հայրիկյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում այսպես չէր, ինչպես նաեւ մյուս հետընտրական իրավիճակներում»,- ասաց Արամ Հարությունյանը:

«Եթե 2008թ-ին Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից մի քիչ ուշ գար, ՀՀԿ-ի մի մասը հայտնվելու էր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Իսկ հիմա ՀՀԿ-ից ով անգամ մինչեւ հիմա հոդաբաշխ խոսք չէր ասել, հիմա պարապում են Րաֆֆի Հովհաննիսյանի վրա: Ժողովուրդն ուզում է, որ ես գնամ միանամ, բայց Րաֆֆի Հովհաննիսյանն իր պահվածքով, կարծես թե խաղում է Սերժ Սարգսյանի եւ իշխանության խաղը եւ մարում է ժողովրդի շարժումը»,-կարծիք հայտնեց Արամ Հարությունյանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ն եւս գնաց միացավ, բայց հիմա կարծես, թե հասկացել է, որ ճիշտ չէին:

Արամ Հարությունյանի խոսքով՝ ինքը շատ կոշտ է խոսելու եւ շոկային թերապիա է անելու: «Ինչքան շուտ Ազատության հրապարակն ազատվի Րաֆֆի Հովհաննիսյանից, այնքան շուտ ընդդիմությունը կհամախմբվի եւ վատ կլինի իշխանության համար»,- նշեց նա:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե երդմնակալությունը տեղի կունենա իր դիակի վրա, Արամ Հարությունայնն ասաց. «Այդ քայլով նա ասում է, որ կամ մինչեւ ապրիլի 9-ը ինքը կվատանա կտանեն, կամ կինքնահրկիզվի: Րաֆֆին հստակ պետք է ասի. «Սերժ դու չես ընտրվել եւ հեռացիր»,- ասաց Արամ Հարությունյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանն օրինակ իր հետ նման տոնով չի կարող խոսել, քանի որ ինքը կհակադարձի: «Հիմա Սերժ Սարգսյանը, հայտնի հաղորդման օրինակով, ասում է. «Ո՞ւր է մեր Ժորիկը»: Կներեք ինձ, բայց ժողովուրդը Րաֆֆիին անիծելու է, քանի որ մարում է շարժումը»,- ընդգծեց Արամ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է կառավարության կողմից Պարույր Հայրիկյանին տրամադրած 50 հազար դոլար գումարին, նախկին թեկնածուն ասաց, որ պետության խնդիրն էր թեկնածուի անվտանգությունն ապահովելը, որը չի արել, իսկ տրամադրված  գումարն այն չափի չէր, որ գոնե բարոյական վնասը փոխհատուցեր: «Ես չգիտեմ, թե իրականում ինչ է կատարվել, քանի որ շատ մութ պատմություն է եւ իշխանությունները կարողանում էին այդ տոնով խոսել կամ չխոսել Հայրիկյանի հետ, բայց, եթե Տիգրան Սարգսյանը բիոզուգարանների վրա 100 միլիոն դրամ է ծախսում, ուրեմն Հայրիկյանին այդքանը հասնում էր»,-ասաց նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am