Պետությունը պատրաստ է քննարկել մասնավոր հատվածից եկող առաջարկները բիզնեսը զարգացնելու վերաբերյալ: Այդ մասին այսօր՝ մարտի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում գործարարների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը;

Նրա խոսքով՝ կառավարությանը աջակցություն ստանալու նպատակով առաջին հերթին դիմում են պրոբլեմներ ունեցող ձեռնարկությունները, որոնք վարկեր են վերցրել եւ մարել չեն կարողանում:

«Եթե ժամանակավոր դժվարությունններ են՝ պարտավոր ենք ձեռք մեկնել, բայց եթե անգրագետ մենեջմենթի հետեւանք է, պետության օգնությունը չի կարող օգնել: Հաճախ մեզ քննադատում են այն գործարարները, որոնք չեն կարողացել ճիշտ բիզնես վարել»,- ասաց Տ. Սարգսյանը: Սակայն նա ընդգծեց, որ առկա են միջազգային շուկաներից եկող ռիսկեր, ինչը մեր գործարարները կանխատեսել չեն կարող:

Տ. Սարգսյանը նշեց այն 4 չափանիշները, որոնց բավարարելու դեպքում կառավարությունը կօժանդակի մասնավոր բիզնեսին: Առաջինը  արտահանման պոտենցիալն է, երկրորդը՝ բարձր արտադրողականություն ունեցող աշխատատեղերի ստեղծումն է, երրորդ՝ մենեջմենթի ակնհայտորեն բարձր մակարդակը, չորրորդ՝ համախմբվող բիզնեսները:

«Հրավիրում եմ երկխոսության՝ սպասում ենք նոր առաջարկներ եւ բիզնես ծրագրեր, որոնք անպայման ստանալու են պետական աջակցություն»,- եզրափակեց Տ. Սարգսյանը: