Նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը հստակ կարող է ասել, թե նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն Արարատում քանի ընտրական հանձնաժողովում է իր տեղերը տվել ՀՀԿ-ին: Այս մասին, նա ասաց այսօր` մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ շատ տեղերում ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» անդամները եղել են գյուղապետարանի աշխատողներ, գյուղապետի տեղակալ կամ ընդհանրապես մարդ չեն ունեցել: «Իսկ եթե մարդ չկա, դա նշանակում է, որ արդեն իշխանությունը մեկին պետք է դրած լինի: Հենց այն հանգամանքը, որ արձանագրությունների տակ, ըստ էության, բոլոր ժառանգականները ստորագրել են, դա արդեն դա է նշանակում: Ինքն ասում է ծախվել են: Ինչի՞ են ծախվել, քո մարդիկ չե՞ն եղել»,- ասաց Արամ Հարությունյանն ու ավելացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է շնորհակալ լինի ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի անդամներին, որոնք այս կամ այն չափով պահել են այդ ձայները:
«Այն տեղերում, որտեղ Սերժ Սարգսյանը բարձր տոկոս է ստացել պատճառը այն է, որ բերել լցրել են կամ թվեր են գրել, Րաֆֆին այնտեղ մարդ չի ունեցել»,- ավելացրեց Արամ Հարությունյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























