Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը առանձնացրել է 148 համակարգային խնդիր: Այդ մասին մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է այսօր` մարտի 29-ին կայացած մամուլի ասուլիսում` նվիրված 2012թ. արդյունքներն ամփոփող զեկույցին:
136 էջից բաղկացած զեկույցը վերաբերում է գրեթե բոլոր պետական մարմիններին: «Մենք առանձնացրել ենք 148 համակարգային խնդիր, որոնք վերաբերում են երկրի բոլոր քաղաքացիներին անխտիր»,- ասել է օմբուդսմենը: Հարցին, թե ո՞վ պետք է միջոցներ ձեռնարկի համակարգային խնդիրների լուծման համար, Կարեն Անդրեասյանը պատասխանել է, թե Կառավարության հրահանգով արդարադատության նախարարության կողմից գործողությունների ծրագիր է մշակվում, որը նախատեսվում է հաստատել հաջորդ ամիս: Պաշտպանի գրասենյակը զգոն հետեւելու է ծրագրի նախապատրաստմանը: Բացի այդ, նախագահի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` Անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարությամբ, նշված խնդիրների լուծման համար:
Նախորդ տարվա զեկույցի համեմատ ըստ Անդրեասյանի, ակնհայտ են թերությունների քանակի պահպանման միտումները` որակի փոփոխման պայմաններում: Բայց դա պերմամենտ գործընթաց է. «Խնդիրները միշտ կան: Օրինակ վերցրեք Սկանդինավյան երկրները, որտեղ եւս կա օմբուդսմենի ինստիտուտը: Դա խոսում է այն մասին, որ խնդիրներ կան միշտ»:
Օմբուդսմենի 2012թ. զեկույցը ներկայացվելու է խորհրդարանում հաջորդ քառօրյայի ընթացքում:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























