Ականջ դնելը լավ բան չէ, ես դա դեռ ՊԱԿ-ում (КГБ) աշխատելիս էի յուրացրել ու դադարեցրել: Այդ մասին մարտի 29-ին Համառուսական ժողովրդակյան ճակատի կոնֆերանսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Կենֆերանսի ընթացքում նախագահին է դիմել Մարդու իրավունքների խորհրդի անդամ Յանա Լանտրատովան, որը դեմ է արտահայտվել ՌԴ-ում անչափահասների արդարադատության համակարգի ներմուծմանը: Նա օրինակ է բերել երկու երեխաների զրույցը, որոնցից մեկը մյուսին խորհուրդ էր տալիս «մի քիչ համբերել»՝ մինչեւ օրենքն ընդունվի, որը թույլ կտա ծնողների դեմ բողոք ներկայացնել:
Պուտինը հետաքրքրվել է, թե որտեղ է նա լսել այդ զրույցը, Լանտրատովան խոստովանել է, որ պատահաբար լսել է Սանկտ Պետերբուրգի մանկական հրապարակում:
«Ականջ դնելը լավ բան չէ, ես դա դեռ ՊԱԿ-ում աշխատելիս էի յուրացրել ու դադարեցրել»,- ժպիտով նշել է Պուտինը:
Նշենք, որ անչափահասների արդարադատության համակարգը անչափահասների համար դատական վարույթի հատուկ կարգ է նախատեսում: Վերջին տարիներին Ռուսաստանում անընդհատ քննարկվում է այդ համակարգի ներդրման նպատակահարմարությունը:




























