Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատրաստ է քննարկել Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի բուժման համար մոտ 20 մլն դրամ գումար հատկացնելու կառավարության որոշման իրավաչափությունը: Այս մասին օմբուդսմենը հայտնել է այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ես հասկանում եմ, որ դա կարելի է դիտարկել որպես խտրական մոտեցում, բայց այս պահին կառավարությունն ունի նման որոշում կայացնելու իրավասություն եւ դա օրենքի կոպիտ խախտում չէ: Բայց եթե որեւէ քաղաքացի դիմի մեզ՝ խնդրելով հետաքննել, թե որքանով է իրավաչափ կառավարության այդ որոշումը, մենք պատրաստ ենք վարույթ ընդունել գործը եւ քննարկել»,-ասել է Անդրեասյանը:

Նա խոստովանել է, որ իրենց գրասենյակն անցած շաբաթ այնքան ծանրաբեռնված է եղել, որ չի հասցրել ուսումնասիրել այդ դեպքը եւ իրավական գնահատական տալ: «Միաժամանակ, անկախ իրավական գնահատականներից, ես առողջություն եմ մաղթում Պարույր Հայրիկյանին եւ բուժման կարիք ունեցող բոլոր քաղաքացիներին»,-ամփոփել է օմբուդսմենը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն մարտի 28-ին, 20.5 մլն դրամ է հատկացրել առողջապահության նախարարությանը՝ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժման ծախսերը արտասահմանում փոխհատուցելու նպատակով: Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից: 2013թ.  նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձ էր կատարվել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Պ.Հայրիկյանի բուժումը կազմակերպվել էր Երեւանի մասնագիտացված բուժհաստատություններում, սակայն առողջության լիարժեք վերականգման համար նպատակահարմար է շարունակել բուժումը արտերկրում: Նախնական հաշվարկներով՝ բուժումը արտերկրում հնարավոր է կազմակերպել մոտ 20,500.0 հազ. դրամով (մոտ 50 հազ. դոլար):

Կառավարության այս որոշումից հետո, սոցիալական ցանցերում, մասնավորապես` «Ֆեյսբուքում» մեծ քննարկումներ եւ քննադատություններ եղան, մասնավորապես` կարելի էր բազմաթիվ գրառումներ եւ մեկնաբանություններ գտնել այն մասին, որ ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացիների պետբյուջե վճարած հարկերից այդքան գումար հատկացվի նրա վիրահատությանը, եւ եթե նա 8 մլն դրամ ընտրագրավ է ունեցել, ունի թիմ, կուսակիցներ, կարելի էր նրանց միջոցով վիրահատության գումարը հավաքել: Քննարկումներում նշվում էր, որ տասնյակ երեխաներ կան, որոնք արտերկրում վիրահատության կարիք ունեն, ինչու կառավարությունը նրանց համար գումար չի վճարում, կամ թող գոնե հոգար սահմանային գյուղերում առկա մի շարք խնդիրներ: