Carrefour առեւտրային ցանցը Հայաստանում կբացվի տարեվերջին: Այդ մասին այսօր՝ մարտի 29-ին, «Քարֆուրը Հայաստանում. Գործարար միջավայրի եւ ազատ մրցակցության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խնդիրներ չի տեսնում Carrefour-ի Հայաստան մուտք գործելու հարցում, իսկ գործընթացի ձգձգումը նա որակեց որպես «բիզնես միջավայրի ներքին հարցեր»:
ՀՀ Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ Carrefour-ի խնդիրը քաղաքականացրել են եւ դարձրել «ազգային հարց»: Սակայն նա ընդունեց, որ մյուս առեւտրային ցանցերի մոտ մտահոգություններ կան, ինչը բնական է; «Գիտեմ, որ 35-40 հազ. քառ. մետրով ցանց է հայտնվել: Սամվել Ալեքսանյանի մոտ մրցակցության հարց է առաջ գալիս, լսել եմ իրենից՝ պատրաստ է իր ցանցը վաճառել: ՍԱՍ-ը հանդես եկավ, Սթարը փակվեց»,- ասաց Վ. Այվազյանը:
Բանավեճին Skype-ով մասնակցող «Փարիզյան սուրճի»-ի նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը հայտարարեց, որ Հայաստանում օրենքները չեն աշխատում, ու պետք չէ սուտ խոսել (տիկ. Գործունյանի խոսքերն անընդհատ ընդհատվում էին վատ կապի պատճառով):
Ի պատասխան՝ Վ. Այվազյանը նշեց, որ ցանկացած ընկերություն կարող է կես ժամում գրանցվել ու օրենսդրության շրջանակներում գործունեություն իրականացնել:




























