Հայաստանի տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա՝ մարտի 29-ի նիստում  ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է  ՀՀ կառավարության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  միջեւ ստորագրման նախատեսվող նպատակային համագործակցության զարգացման համաձայնագրի նախագծի` տեղական ինքնակառավարման ոլորտին վերաբերող հատվածը: Փաստաթղթի նախագծում նշված են համագործակցության ուղղությունները,  որոնք մասնավորապես  վերաբերում են համայնքների խոշորացման հստակ քաղաքականության հաստատմանը, «Տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի եւ միասնական  տեղական հարկերի մասին  օրենքի նախագծերի մշակմանը,  «Համահարթեցման մասին» օրենքի նախագծի  ընդունման աջակցությանը:

Նիստը վարող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշել է, որ փաստաթղթում տեղական ինքնակառավարման մասով  նախատեսված ուղղություններն արտացոլում են վերջին տարիների ընթացքում ձեւավորած բարեփոխումների օրակարգը, որն իրականացվում է նախարարության կողմից:

Կոլեգիային ներկայացվել է նաեւ «ՀՀ համայնքների տեղեկատվական բազայի թարմացման նպատակով ՀՀ համայնքներից վիճակագրական տվյալների  հավաքագրման, ամփոփման եւ համայնքների տեղեկատվական բազա էլեկտրոնային ծրագիր մուտքագրման կարգը» հաստատելու մասին ՀՀ տարածքային կառավարման նախարարի հրամանի նախագիծը:  Փաստաթղթի մշակումը  բխում է ՏԿՆ  2013թ. գործողությունների ծրագրից: Ըստ ՏԿՆ տարածքային կառավարման եւ  զարգացման վարչության պետ Հայկ Գալստյանի` կարգի ընդունումը հնարավորություն կտա  համայնքներից տվյալների հավաքագրման գործընթացն առավել համակարգված դարձնել: Յուրաքանչյուր համայնքի վերաբերյալ հավաքագրված ցուցանիշները  կամփոփվեն  եւ կհրապարակվեն: Մշակվել է նաեւ ցուցանիշների, դրանց հավաքագրման եղանակների վերաբերյալ մեթոդաբանություն: 

Փոխվարչապետն առաջարկել է փաստաթուղթն ուղարկել շահագրգիռ կազմակերպություններին, ամփոփել ստացված առաջարկությունները եւ վերջնական տարբերակը ներկայացնել ստորագրման:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկություններ ներկայացրեց «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության 2012-2016թթ. գործողությունների ծրագրով» նախատեսված միջոցառումներում  փոփոխություններ կատարելու, ինչպես նաեւ  ծրագրից  բխող օրենսդրական ակտերի մշակման մասին:

Գործողությունների ծրագրում  առաջարկվող փոփոխությունները վերաբերում են  միգրացիայի ոլորտում վիճակագրական ցուցանիշների եւ իրավիճակի գնահատման համակարգերի ներդրման ապահովմանը: Նշվեց, որ  համակարգերի ներդրումը կիրականացվի` հիմք ընդունելով ԵՄ երկրներում ընդունված մոտեցումները:

Անդրադառնալով օրենսդրական նախագծերին` Գ. Եգանյանը նշեց, որ  դրանցից երկուսով փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկվում  ՀՀ քրեական օրենսգրքում: Առաջին նախագիծն ուղղված է ՀՀ քրեական օրենսգրքի եւ «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի միջեւ առկա անհամապատասխանության վերացմանը, իսկ երկրորդով օրենսգրքում ներմուծվում է «Անօրինական միգրացիայի կազմակերպում» նոր եզրույթը: Համապատասխան փոփոխություններ են առաջարկվում նաեւ  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  եւ  «Քրեական դատավարության մասին»  օրենսգրքերում:

Կոլեգիան ներկայացված տեղեկատվություններն ի գիտություն ՝ ընդունել: