Երեւանի «Մեդիա կենտրոնում» այսօր՝ մարտի 28-ին բանավեճ է սկսվել «Փարիզյան սուրճ» ընկերության նախկին սեփականատեր Վալերի Աշխեն-Գործունյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Կարեն Վարդանյանի եւ ՀՀ Ազգային Ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի միջեւ: Ֆորմալ առումով քննարկման թեման «Քարֆուր» առեւտրային ցանցի մուտքի հետ կապված խնդիրներն էին, սակայն արագորեն բանավեճը դուրս եկավ այդ շրջանակից: Ներկայացնում ենք բանավեճի սղագրությունը որոշ կրճատումներով.
Վ. Գործունյան.- Որեւէ մեկը շաքար կարո՞ղ է բերել Հայաստան, եթե դա մենաշնորհի ձեռքում է....
Վ. Այվազյան.- Այսօր կարող եմ ասել, որ այո, կարող ենք: Ինչ-որ ժամանակ խնդիրներ եղել է, հիմա չկան: Մարդը 25 հազ. տոննա է բերում (նկատի ունի Սամվել Ալեքսանյանին,-խմբ), մյուսը 500 կգ: Ո՞ւմ ավելի էժան կտան:
Վ. Գործունյան.-Ռաստամոժկան ավելի պակաս կանեն, եթե ընկերություն անեք: Հայաստանի տնտեսական վիճակը սարսափելի է: Պետք չէ իրար խաբել, ասել, որ Հայաստանում ամեն ինչ լավ է, պետք է իրավիճակն առողջանա: «Քարֆուրի» պատմությունը դա է ցույց տալիս, որ Հայաստանի մեջ ներդրում անելը շատ դժվար է...
Կ. Վարդանյան - Լսեցինք միայն մեղադրանքներ, նեղացած գործարար է, ես շատ թեթեւ գիտեմ իր պատմությունը: Կա դատական համակարգ, եթե չի կարողացել ինչ-որ բան անել, պետք է դատարան դիմել: Եթե չի ցանկացել դիմել, իր անձնական գործն է...
Վ. Գործունյան.- Ամենամեծ խնդիրը արդարադատությունն է, պարոն, շատ լավ գիտեք այդ մասին:
Կ. Վարդանյան.-Գիտեմ, որ դատական համակարգում խնդիրներ կան, միջոցառումներ են արվում, չի կարելի ասել, որ բոլորը սուտ են ասում, բոլորը դժգոհ են... շատ մարդիկ էլ գոհ են...
Վ. Գործունյան.- այսօրվա կառավարման մասին եմ ասում, պարոն, շատ ընկերներ ունեմ Հայաստանում, որ ինձ կպաշտպանեն Եվրադատարանում: Ես վատաբանում եմ պետական մարմինները, ոչ թե Հայաստանը...



























