«Արմավիա» սնանկացած ավիաընկերությունը կվերադարձնի տոմսերի գումարները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
Ըստ Չերչինյանի՝ «Արմավիա» ավիաընկերությունը կվճարի արդեն վաճառված տոմսերի գումարը, անկախ նրանից՝ տոմսերը գնվել են «Արմավիա» ավիաընկերության տոմսարկղերից, թե միջնորդներից:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ըստ «Արմավիա» ավիաընկերության պաշտոնական հաղորդագրության՝ 2013թ. ապրիլի 1-ից «Արմավիան» վճռել է դադարեցնել չվերթները: Ընկերության հաղորդագրության մեջ մասնավորապես նշվել է, որ «ավիացիան այն բնագավառն է, որտեղ չի կարելի բավարարվել ձեռք բերածով: Երեք տարվա ընթացքում «Արմավիա» ավիաընկերության սեփականատերը միջոցներ էր ներդնում այլ բիզնեսներից՝ «Արմավիայի» զարգացման համար: Սակայն ներկայումս իրադրությունն այնպիսին է, որ աշխատանքն այդպես շարունակելն արդեն հնարավոր չէ, այդ պատճառով էլ որոշում է կայացվել դադարեցնել չվերթները եւ սկսել սնանկացման գործընթացը»:




























