Այսօր՝ մարտի 29-ին կայացել է Հայաստանի սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել 4 հիմնական հարց:

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի 2012թ.  և 2013թ. հունվար-փետրվար ամիսների (14 ամիս) աշխատանքային գործունեության մասին զեկուցել է «Հայերն այսօր»  էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Հ. Կարապետյանը: Նա մասնավորապես նշել է, որ նախորդ տարիների համեմատ ավելացել է թերթի այցելուների թիվը, կատարվել են տեխնիկական և բովանդակային փոփոխություններ, իսկ հատուկ «Հայերն այսօր»-ի համար Սփյուռքի թղթակիցներից ստացված նյութերը ընդհանուր լրատվության 6-7 տոկոսն են կազմում:

«Թերթը պետք է Սփյուռքի համար դառնա մեր գործունեության հայելին: Այն պետք է ճանաչված լինի Սփյուռքում»,- նշել է նախարարը:

Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը ներկայացրել է  հաշվետվություն` 2009-2012թթ. «Աջակցություն համայնքներին` Սփյուռքի հանրակրթական հաստատություններին և մեկօրյա դպրոցներին ուսումնական և հանրամատչելի գրականությամբ, համայնքային կազմակերպություններին ՀՀ խորհրդանշաններով ապահովման կազմակերպում» առաքման ծրագրի կատարման մասին: «Սփյուռքի դպրոցներին դասագրքերով, համայնքներին խորհրդանշաններով ապահովելու ծրագիրն իրականացվել է 100 տոկոսով, բայց Սփյուռքի պահանջն ավելի մեծ է: Ուղարկում ենք նախ այն գրքերը, որ իրենք են ուզում, հետո նաև` լրացուցիչ գրականություն»,-նշել է զեկուցողը:

Սփյուռքահայերի /սիրիահայերի և իրաքահայերի/ Հայաստանի Հանրապետությունում ինտեգրման 2013 թվականի ծրագրի քննարկման մասին զեկույցով հանդես է եկել Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչության պետ  Լ.Ստեփանյանը:

Նիստի ավարտին ֆինանսատնտեսական վարչության պետ Հ. Հովսեփյանը ներկայացրել է վարչության հաշվետվությունը ՀՀ սփյուռքի նախարարության 2012թ ՀՀ պետական բյուջեով ֆինանսավորված ծախսերի վերաբերյալ: