Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Եղեգնաձորի ուսանողությանն են նվիրում «Երիտասարդները երիտասարդների համար Hollywood Non-Stop» բացառիկ համերգային ծրագիրը, որը տեղի կունենա ապրիլի 5-ին՝ ժամը 17.00-ին, Եղեգնաձորի մշակույթի տանը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա հոլիվուդյան կինոարվեստի գլուխգործոց դարձած հանրահայտ ֆիլմերի երաժշտության կատարմամբ: Այս համատեղ ծրագրի նպատակն է մատչելի եւ հասանելի երաժշտությամբ երիտասարդներին ուղղորդել դեպի դասական երաժշտություն:

Ծրագրում` Մոնտի Նորման, Գրեգ Քեմփ, Հովարդ Շոր, Ջորջ Գերշվին, Ջոն Ուիլյամս, Հանս Զիմմեր, Ջեյմս Հորներ, Էնիո Մորիկոնե, Լեոնարդ Բերնշթայն, Նինո Ռոտա, Հենրի Մանցինի, Լալո Շիֆրին, Կառլոս Գարդել:

«Երիտասարդները երիտասարդների համար Hollywood Non-Stop» ծրագիրը շարունակական է. առաջիկայում այն կներկայացվի նաեւ այլ մարզերի երաժշտասեր հասարակությանը։

Այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով եւ արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը: