Խորհրդային միության կրկնակի հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-րդ տարեդարձի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում, այսօր՝ մարտի 29-ին, տեղի է ունեցել հադիսավոր միջացառում, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի դեսպանատների, ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմակայանի ներկայացուցիչներ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել եւ ներկաներին փառապանծ օդաչուի մասին պատմել են ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, Արցախի հերոս, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, Նելսոն Ստեփանյանի թոռնուհին եւ այլք:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր խոսքում նշել է, որ  Նելսոն Ստեփանյանը կենդանի լեգենդ էր եւ նրա կյանքն անհնար է առանց հուզվելու ներկայացնել. «Շնորհավորում եմ մեզ բոլորիս նման մեծ օդաչուի ծննդյան կապակցությամբ: Նելսոն Ստեփանյանը հայ ժողովրդի արժանապատվությունը միշտ էլ բարձր է պահել: Պատերազմների ընթացքում նա չի երկնչել թշնամու զորքերի քանակից, նրան չի հուսահատեցրել հառակորդի նոր տեխնիկան: Նա կարողացել է դառնալ խոշոր կազմավորման հրամանատար, եւ իզուր չէ, որ այսօրվա մեր ռազմաօդային ստորաբաժանումների մեջ այն մարտավարական նորարարությունները, որ կատարել է նա, ուսումնասիրության առարկա են հանդիսանում։ Մարդկության պատմությունը լի է բազմաթիվ ռազմական իրադարձություններով, որոնց ընթացքում ծնվել են հերոսներ, ովքեր հետո դարձել են մի ողջ սերնդի հպարտությունը, լավի օրինակը. այդ հերոսներից է Նելսոն Ստեփանյանը: Ես ցանկանում եմ, որ մենք բոլորս ձգտենք դառնալ Նելսոն»,- իր խոսքը եզրափակել է Սեյրան Օհանյանը:

Հանդիսության ավարտին ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական-ավիացիոն ինստիտուտի եւ ԶՈՒ օդային պաշտպանության ստորաբաժանման մի շարք զինվորականներ, Երկրորդ աշխարհամարտի վետերաններ պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից պարգեւատրվել են գերատեսչական մեդալներով:

Նշենք, որ երեկ Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-րդ տարեդարձի կապակցությամբ մեծարման արարողություն է տեղի ունեցել կրկնակի հերոս օդաչուի կիսանդրու մոտ: